Սեպտեմբերի 19-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ» սրահում տեղի ուենցավ Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած պետական ընդունելությունը` նվիրված ՀՀ Անկախության 21-ամյա տարելիցին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրավիրվածների թվում էին Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների եւ գործարար շրջանակների, տեղական լրատվամիջոցների եւ հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ, կառավարող Ալ-Սաբահ ընտանիքի անդամներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ մտավորականներ: Ընդունելության գլխավոր հյուրն էր Քուվեյթի Պետության առեւտրի եւ արդյունաբերության նախարար, բնակարանաշինության հարցերի պետնախարար Անես Խալեդ Ալ-Սալեհը:
Ընդունելությունը նշանավորվեց նաեւ Քուվեյթի Պետության մայրաքաղաքի` Էլ- Քուվեյթ նահանգի նահանգապետ շեյխ Ալի Ջաբեր ալ-Սաբահի եւ Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ Դր. Իբրահիմ Ալ-Դուայիջի, ինչպես նաեւ Քուվեյթի Պետության Էմիրի հարազատ քույր, «Օրինակելի մայր» հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհա Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի մասնակցությամբ:
Ներկաներին ուղղված իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը խոսեց Հայաստան - Քուվեյթ երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումների մասին, անդրադարձավ Քուվեյթի Պետության հետ տարբեր ոլորտներում ակնկալվող ծրագրերին եւ փոխգործակցության խորացման հեռանկարներին, ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու բարձր գնահատեց քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում:
Պետական ընդունելությունն ամբողջացավ ժամանակակից հայ արվեստի ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսով եւ Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակի ցուցադրմամբ:




























