Քաղաքային տնտեսության կառավարման մի շարք ոլորտներում ընթացող բարեփոխումների շրջանակում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի եւ  Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Վահե Նիկոյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

«Երեւանի քաղաքապետը բազմիցս է նշել, որ քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում Երեւանի քաղաքապետարանի եւ մասնավոր հատվածի միջեւ առկա են հաջողված համագործակցության օրինակներ»,-նշել է քաղաքապետի տեղակալը:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Ֆրանսիական զարգացման գործակալության ասիական բաժնի փոխտնօրեն Լորեն Ամարը նշել է, որ իրենք հատկապես հետաքրքրված են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ եւ  մատնանանշել է այն հիմնական ուղղությունները, որտեղ գործակալությունն ակնկալում է քաղաքապետարանի հետ ակտիվ փոխգործակցություն: Մասնավորապես առանձնացվել են հասարակական տրանսպորտի, ջրամատակարարման ու ջրահեռացման, ինչպես նաեւ վարչական շրջանների բարեկարգման ու աղբի եւ կոշտ թափոնների մշակման ոլորտները:

Վահե Նիկոյանն իր հերթին ընդգծել է, որ քաղաքապետարանի կողմից մշտապես աշխատանքներ են տարվում նշված ոլորտներում բարեփոխումների ծրագրերի մշակման ուղղությամբ եւ այժմ էլ, ակնկալվում է, որ այդ ուղղությամբ Ֆրանսիական զարգացման գործակալության հետ համագործակցության շրջանակում կիրականացվեն հստակ ծրագրեր: