Երեւանի կանանց «Հատիս» ակումբը քիչ առաջ բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի 1/16 եզրափակչի խաղարկության շրջանակներում Oրենբուրգում 65:80 հաշվով ցավալի պարտություն կրեց Օրենբուրգի «Նադեժդա» թիմից:

Նշենք, որ սա հայկական թիմի երկրորդ պարտությունն էր «Նադեժդայից»: Հունվարի 7-ին Երեւանում կայացած խաղում «Հատիսը» զիջել էր 69:80 հաշվով, եւ 1/8-րդ փուլ դուրս գալու համար պետք է 11 միավորի տարբերությամբ հաղթանակ տաներ: Խաղի կեսին մի պահ «Հատիսը» լուրջ առավելություն ուներ ռուսական թիմի նկատմամբ, սակայն չկարողացավ պահպանել հաշիվը եւ պարտություն կրեց:

Մեր թիմում ամենաարդյունավետ խաղացողը սերբ Միլիցա Դաբովիչն էր, որը հավաքեց 24 միավոր: 16 միավոր «Հատիսին» բերեց Գաննա Զարիցկան, եւս 11՝ Բոյանա Վուլիչը:

Ի պատիվ հայկական թիմի նշենք, որ Հայաստանից առաջին անգամ էր բասկետբոլային որեւէ թիմ մասնակցում նման խոշոր մրցաշարի եւ նման հաջողության հասնում՝ դուրս գալով 1/16 եզրափակիչ: Հուսով ենք՝ ապագայում մեր բասկետբոլիստուհիներն ավելի բարձր արդյունքներ ցույց կտան: