Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի բնակիչներն ու ձկնորսները ահազանգում են գետում ձկնատեսակների նվազման մասին: NEWS.am-ի Լոռու թղթակցի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 22-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ձուկ որսացող գյուղացիները պատմել են, որ Դեբեդ գետից ձուկը գնալով պակասում է, ինչի պատճառը, ըստ նրանց, տարբեր հանքերից գետը լցվող թափոններն են, ինչպես նաեւ գետի` աղբավայր դարձած վիճակը. «Վանաձորից սկսած մինչեւ Ալավերդի ինչքան գյուղ կա, էդքանի կոյուղին առանց որեւէ մշակման ենթարկվելու լցվում է գետը, էլ շինարարական աղբ, էլ կենցաղային»,-պատմեց Ալավերդի քաղաքի սկզբնամասում ձուկ որսացող մի քաղաքացի: Նրա փոխանցմամբ, եթե նույնիսկ իրենց հաջողվում է ձուկ որսալ, ապա դա էլ իր չափերով է զարմանալի ու կասկածելի. «7 կիլոգրամոնց ձուկ էլ ենք բռնում, բայց դե վախենում ենք, մտածում ենք, որ նրա միսն արեն թունավոր կլինի»:
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող սննդի օբյեկտների աշխատակիցներն էլ խուսափելով տեսախցիկի առաջ խոսել, պատմեցին, որ օրեր առաջ գետի ջուրը դարձել է կաթնագույն, ու պատճառը Ստփանավանի տարածաշրջանում գտնվող «Արմանիսի» ոսկու հանքն է: Նրանց փոխանցմամբ` իրենք բազմիցս ահազանգել են բնապահպաններին գետի ջրի կասկածելի գույնի մասին, սակայն որեւէ հետազոտության մասին տեղյակ չեն. «Մեկ-մեկ գալիս են ջրից նմուշ վերցնում` թողնում գնում, բայց դե էսպես էլ չի կարա շարունակվի….»:




Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի





























