«Լոռվա երիտասարդների միասնություն» ՀԿ-ի ջանքերով մի խումբ լոռեցի ուսանողներ սեպտեմբերի 22-ին` անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել են Լոռու մարզի պատմամշակութային վայրեր: Ինչպես NEWS.am-ին հայտնում է Լոռու թղթակիցը, ուսանողները նախ այցելել են Հաղպատի վանական  համալիր, այնուհետ Սանահինի պատմամշակութային համալիր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԿ-ի համանախագահ Վլադիմիր Գեւորգյանն ասաց, որ այսօրվա միջոցառումը կրում է գիտական բնույթ. «Մենք այս կերպ ցանկացանք հենց տեղում ուսանողների համար դասախոսություններ կարդալ, թե որտեղից ենք մենք գալիս, ուր ենք գնում եւ ինչ հեռանկարներ են սպասվում մեզ»:

Միջոցառման մասնակից Արմեն Մարտիրոսյանի խոսքով` չնայած ուսանողների մեծ մասը այցելել է Սանահին եւ Հաղպատ, սակայն դա շատ ժամանակ կրում է զուտ ժամանցային բնույթ. «Մենք այսօր դասախոսություններ կարդացինք, ներկայացրեցինք վանքերի պատմությունը հենց վանքի տարածքում, ու սա շատ ավելին է…»,-ասաց նա: Միջոցառմանը ներկա էր նաեւ Վանաձորի ավագանու անդամ Գեւորգ Շահինյանը, ով եւս օգնել է գիտական արշավի իրագործմանը: Արշավի ավարտին երիտասարդները եղան նաեւ տարիներ առաջ իրենց ջանքերով տեղադրված եւ Հովհաննես Թումանյանին նվիրված հուշաքարի մոտ:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի