Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկած Անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցեցին ավելի քան 40 հաշմանդամներ:

Մեկնարկելով Հանրապետության հրապարակից, մասնակիցները հասան մինչեւ Եռաբլուր, որտեղ ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների հուշահամալիրին:

Վազքարշավը կազմակերպվել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ: Որպես աջակից հանդես էր գալիս Կոկա-կոլայի հայաստանյան գրասենյակը, որը մասնակիցներին նվիրեց մարզաշապիկներ եւ գլխարկներ: Հաշմանդամ մարզիկներին, վազքուղու դժվարանցանելի հատվածները հաղթահարելու գործում, օգնեցին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողները:

Միջոցառմանը մասնակցել են, հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունները՝ մարզիկներ Հայաստանի ազգայի պարալիմպիկ կոմիտեից,  Խուլերի հայկական սպորտային կոմիտեից եւ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունից:

Վազքարշավի ողջ ընթացքում մասնակիցներին ուղեկցել են ոստիկանները եւ շտապ օգնության մեքենան՝ ապահովելով նրանց ապահով եւ անվտանգ մասնակցությունը միջոցառմանը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված հաշմանդամների վազքարշավը կազմակերպվում է արդեն 2-րդ անգամ՝ ձեւավորելով լավ ավանդույթ հաշմանդամային սպորտի մասսայականացման գործում: