«Երեւանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակներում աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը սեպտեմբերի 27-ին մենահամերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Նա կկատարի Հայդնի, Բեթհովենի, Շուբերտի եւ Լիստի ստեղծագործությունները:

«Ես անկեղծորեն ուրախ եմ 28 տարվա ընդմիջումից հետո կրկին ձեր հրաշալի երկրում գտնվելու համար», - ասել է սեպտեմբերի 25-ին Երեւանում կայացած ասուլիսում Եվգենի Կիսինը՝ նշելով, որ Հայաստան առաջին անգամ այցելել է 1984 թ-ին՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած «Մոսկովյան վիրտուոզներ» նվագախմբի հետ:

Կիսինը նշեց, որ երեւանյան առաջիկա համերգի հասույթը տրամադրելու է բարեգործական նպատակների համար:

Երաժիշտը նշեց, որ ամեն տարի համերգներով հանդես է գալիս մի քանի տասնյակ երկրներում, սակայն քաղաքական նկատառումներով չի ընդունում Թուրքիայից եւ Չինաստանից հրավերները, որովհետեւ Թուրքիան չի ճանաչում հայերի նկատմամբ գործած ցեղասպանությունը, իսկ Չինաստանը՝ նրան հիշեցնում է ԽՍՀՄ-ը: «Կյանքիս կեսը կարմիր երկրում եմ ապրել: Ծնվել եւ 20 տարի կարմիր դրոշների տակ եմ մեծացել, եւ այլեւս ցանկություն չունեմ կրկին կարմիր երկրում հայտնվելու»,-ասել է նա: