Ստեփանակերտում Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված եւ նրան սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման դեմ կազմակերպված քայլերթն ավարտվել է:
Դրան մասնակցել է շուրջ 3000 հոգի, ովքեր քայլել են Սբ. Հակոբ եկեղեցուց մինչեւ եղբայրական գերեզման` կտրելով կենտրոնական փողոցները ներքեւից վերեւ: Երթի մասնակիցները վանկարկում էին «ոչ կացնային քաղաքականությանը», «ոչ նավթադոլարներին», «ամոթ միջազգային հանրությանը», «Գուրգենը մեզ հետ է», «չենք լռելու», «պայքարելու ենք մինչեւ վերջ», «պատիժ ալիեւին», «պատիժ ռամիլին», «կացին իլհամին», «կացին ռամիլին» եւ այլն: Ռազմական նվագախմբի երաժշտության ներքո երթի մասնակիցները ծաղիկներ են դրել հուշակոթողին, ինչպես նաեւ ելույթներ ունեցել:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին, որի ժամանակ էլ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց Մարգարյանին։
Դրանից հետո հունգարական դատարանի կողմից նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:






























