Սեպտեմբերի 26-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լոնդոնաբնակ Ալեքսանդր Ջանոեւին եւ նրա ընտանիքի անդամներին:
Ալեքսանդր Ջանոեւը հայ մեծ բարերար Միքայել Արամյանցի դստեր որդին է, ներկայում ապրում է Անգլիայում: Հայաստան է ժամանել մասնավոր այցով, նրա պատվերով վավերագրական ֆիլմ է նկարահանվում՝ նվիրված հայ գործչի կյանքին ու գործունեությանը: Առաջիկայում Ախթալայի դպրոցը կանվանակոչվի Միքայել Արամյանցի անունով:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ջանոեւներն այցելել են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ ջանքերով ստեղծված հայ բարերարների ճեմուղի, մեծ ոգեւորություն ու հպարտություն ապրել` հայ բարերարների ճեմուղում տեսնելով իրենց պապի արձանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հյուրերին՝ փաստելով, որ Ալ. Ջանոեւի այցը Հայաստան ենթադրում է, որ Արամյանցները վերադառնում են իրենց արմատներին:
Նախարար Հակոբյանը հյուրերին տեղեկացրեց, որ ի թիվս մյուս նշանավոր հայ բարերարների, կշարունակվի Միքայել Արամյանցի ազգանվեր գործի հանրահռչակման գործընթացը, նախատեսվում է գիրք տպագրել, որում կներկայացվեն բացառիկ լուսանկարներ, փաստաթղթեր նաեւ Ջանոեւների ընտանիքի վերաբերյալ:






























