Գյումրիում ռուսական բազայի օբյեկտները կփոխանցվեն Հայաստանին` օպտիմալացման ծրագրի շրջանակում, NEWS.am-ի թղթակցին ասացին Հայաստանի պաշտպանության նախարարությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ռուս-հայկական արձանագրության նախագիծը`Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին: Արձանագրությունը Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման 30 կետից ցուցակ է պարունակում: Ընդ որում`  փաստաթուղթն ուժի մեջ մտնելուց հետո 10 կետեր ընդունման-հանձնման ակտով պետք է փոխանցվեն Հայաստանին:

Այդ մասին խոսել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սրդյուկովը, ով անցած շաբաթ Երեւանում էր: «Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` 102-րդ ռազմաբազայի գործունեության հետ կապված,  բազայի վերակազմավորման շրջանակում հայկական կողմին 10 օբյեկտ փոխանցելու հետ կապված»,-նշել էր նախարարը: Որոշ տեղեկություններով խոսքը ռազմավարական  նշանակության օբյեկտների մասին չէ:

Նշենք, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի  գտնվելու ժամկետի երկարաձգման մասին արձանագրությունը ստորագրվել էր 2010 թ. օգոստոսին: