ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցող 29 բուհից 16-ն ապահովվել են տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, ընկերությունը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը համալրել է 12 նոր` առավել հզոր համակարգիչներով, ինտերնետ հասանելիությամբ լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչով:

Նորաբաց կրթական լաբորատորիայում տեղադրված է լազերային տպիչ, դասախոս-ուսանող արդյունավետ հաղորդակցությանը նպաստող ինտերակտիվ գրատախտակ իր լուսարձակով եւ` փոխանջատիչ: Համալսարանի ՏՏ լաբորատորիայում կգործի նաեւ Wi-Fi անկյուն:

«Համացանցի տեղեկատվական հզոր բազան կարելի է հրաշալի ծառայեցնել կրթության նպատակներին: Դա թույլ կտա տնտեսել ժամանակը, բարձրացնել տեղեկացվածության մակարդակը եւ ձեռք բերել արագ որոշումներ կայացնելու հմտություն: Նման պայմանների առկայությունը կարեւոր է` ուսանողներին մասնագիտացման հարցում ուղղորդելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է կրթության ժամանակակից ենթակառուցվածքները հասանելի դարձնել նաեւ մարզերի ուսանողությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական եւ աշխատանքային միջավայրը նոր խթան կհանդիսանա ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի արդյունավետ գործունեության համար: