ԵՊՀ-ի 4-րդ կուրսի ուսանողուհի 21-ամյա Արեւիկի (անունը փոխված է) ամուսինը առեւանգել է նրան, երբ վերջինս հեռացել է ամուսնուց: Ամուսինը դանակով սպառնացել է Արեւիկին, որ կսպանի նրան եւ, որ միայն մահը կբաժանի իրենց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արեւիկը:
Մինչ ամուսնուց հեռանալու պատճառներին անցնելը Արեւիկը պատմեց, որ 19 տարեկան է եղել եւ սովորել է ԵՊՀ-ի երրորդ կուրսում, երբ ամուսինը փոթորիկի պես ներխուժել է իր կյանք: «Շատ գեղեցիկ էր խոսում, թվում էր` շատ ռոմանտիկ է, կյանքին նայում է այնպես ինչպես ես, կիսում էր իմ հայացքները, սիրում էր այն, ինչ ես էի սիրում: Դեմ գնացի ծնողներիս եւ կյանքս կապեցի նրա հետ: Բայց ամուսնությունից մի քանի օր անց նրա իրական դեմքը քիչ-քիչ սկսվեց բացվել: Նա կոպիտ էր, բռի, տարօրինակ: Բավականին հաճախ փոխվում էր նրա տրամադրությունը: Սկզբում մտածում էի կանցնի, բայց գնալով ավելի ու ավելի էի հիասթափվում նրանից»,- ընդգծեց Արեւիկը: Ամուսնությունից 10 ամիս հետո ծնվել է նրանց որդին եւ Արեւիկը մտածել է, որ որդու ծնունդը նրան կփոխի: Բայց հակառակն է ստացվել:
«Տուն էր գալիս շատ ուշ եւ առանց պատճառի ծեծում ինձ: Այն դեպքում, որ միշտ ասում էր, թե ինձ շատ է սիրում, որ առանց ինձ ապրել չի կարող, որ իմ տխրությունը սպանում է իրեն: Բացի այդ, վաճառեց տան իրերը, տունը եւ ստիպում էր, որ պարբերաբար ծնողներիցս գումար ուզեի»,- ավելացրեց Արեւիկը: Լսելով Կանանց իրավունքների կենտրոնի մասին` Արեւիկը որոշել է դիմել նրանց եւ հայց ներկայացնել դատարան ամուսնալուծվելու նպատակով: Բայց մի քանի օր անց համալսարան գնալու ճանապարհին ամուսինը նրան առեւանգում է: « Պահանջում էր, որ հետ վերցնեմ հայցադիմումը, որ ներեմ իրեն: Մի ամբողջ օր ինձ փակի տակ պահեց` առանց մտածելու մեր մեկ տարեկան որդու մասին, որը սնվում էր մայրական կաթով: Նա դանակով սպառնում էր, որ կսպանի ինձ, որ միայն մահը կբաժանի մեզ: Վախից չգիտեի ինչ անել եւ խաբեությամբ կարողացա համոզել ինձ տուն վերադարձնել: Խոստացել էի հետ վերցնել հայցադիմումս եւ վերադառնալ իր մոտ»,- հիշեց Արեւիկը: Ամուսնուց ազատվելուց հետո նա վերադառնում է ծնողների մոտ եւ դատարանով ամուսնալուծվում են: «Հիմա ես գտել եմ խաղաղությունս, որդուս հետ ապրում եմ ծնողներիս տանը: Իսկ նախկին ամուսինս ամսվա մեջ գոնե մեկ անգամ չի գալիս իր երեխային տեսնելու, այն ամենից հետո, երբ բոլորի ներկայությամբ հայտարարում էր, որ առանց երեխայի չի կարող ապրել: Սակայն այժմ իմ կյանքի այս էջը մեկընդմիշտ փակված է, քանի որ հիմա ես սկսել եմ իմ կյանքի նոր էջը` ետեւում թողնելով իմ ապրած սարսափը»,- եզրափակեց Արեւիկը:
Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:





























