Ուկրաինայի հայ համայնքի կազմակերպած «Գոլոս Արմենիի» երաժշտական մրցույթ-փառատոնը դրական են ընդունել նաեւ ուկրաինական շոուբիզնեսի ներկայացուցիչները։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ուկրաինահայ ընթերցողները, «Գոլոս Արմենիի» շոուն կազմակերպվել է Նիկոլաեւ քաղաքում։ Չնայած ազգային ուղղվածությանը, այն մեծ հաջողություն է ունեցել նաեւ ուկրաինացիների շրջանում։

Ինչպես տեղեկացրին NEWS.am-ին, շոուն կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ՝ Նիկոլաեւի հայ երիտասարդների միության АМОН (Армянская Молодежная  Организация  Николаева) նախաձենությամբ։ Շոուին մասնակցում են Ուկրաինայի բոլոր մարզերում մասնակցող հայազգի երիտասարդները, ովքեր, բնականաբար, հայտ են ներկայացնում։

Փառատոնն անցկացվում է 2 փուլով։ 1-ին փուլում հնչում են հիթեր արտասահմանյան էստրադայից, 2-րդում՝ հայկական ժողովրդական ու էստրադյին երգեր: 1-ին փուլի արդյունքները ժյուրին չի հրապարակում, հիմնական գնահատականը եւ մրցույթի շեշտը դրվում է հայկական երգի կատարմանը:

Սեպտեմբերի 30-ին կայացած փառատոնի ժյուրիի կազմում են եղել ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչներ, իսկ ժյուրիի նախագահը եղել է՝ արվեստի վաստակավոր գործիչ, Ուկրաինայի կոմպոզիտորների միության անդամ, Իշխանուհի Օլգայի շքանշանակիր՝ Տատյանա Անդրեյեւնա Յարովայան:

«Գոլոս Արմենիի» համաուկրաինական մրցույթ փառատոնի պատվավոր 3-րդ տեղը գրավել է՝ Նիկոլաեւի ներկայացուցիչ՝ Ռոզա Սերոբյանը, 2-րդ տեղը՝ Մարիուպոլ քաղաքից Նարեկ Գեւորգյանը։ Մրցույթում հաղթող է ճանաչվել Սումի քաղաքից՝ Մարզպետ Մարգարյանը, իսկ պատվավոր Գրան Պրի մրցանակին արժանացել է Դնեպրոպետրովսկի ներկայացուցիչ՝ Հասմիկ Շիրոյանը: