Մեր կինոյի պատմության մեջ առաջին անգամ հայկական ֆիլմը կցուցադրվի Լուվրում:  Հոկտեմբերի 14-ին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որի համաշխարհային  պրեմիերան տեղի է ունեցել 2009թ-ին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում,  կցուցադրվի Լուվրում: Ֆիլմը կներկայացնի աշխարհահռչակ իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոսթամին, որի երկու ֆիլմերը եւս կցուցադրվեն նույն ծրագրի շրջանակներում:

Աբաս Քիառոսթամին Լուվրի պաշտոնական կայքում «Սահման»-ի մասին գրում է. «Հարություն  Խաչատյանը կարողացել է շատ անսովոր ձեւով կինո բերել նոր հերոսի: Ես այլեւս ոչ մի տեղ նման բան չեմ տեսել: Քո առջեւ գոմեշ է, եւ նայելով նրան` հասկանում ես, որ նա էլ ունի գիտակցություն եւ զգացմունքներ: Այսօրվա համաշխարհային կինոն նկարում է պոռնիկների, մաքսանենգների, մարդասպանների` նրանց, ում դժվար է մարդ կոչել: Իսկ Խաչատրյանի ֆիլմում  մենք  տեսնում ենք մի գոմեշի, որն ավելի մարդկային է, քան թվարկածս արարածները: Ինչպե՞ս կարող էր նման ֆիլմը չտպավորվել եւ չփոխել իմ ներաշխարհը…»:

Հիշեցնենք նաեւ, որ Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը դեռեւս միակ հայկական ֆիլմն է, որ արժանացել է շուրջ 15 մրցանակի,  այդ թվում` գլխավոր մրցանակների Անթալիայի, Անապայի միջազգային կինոփառատոներում, Գորիցայում` Դարկո-Բրատինա հատուկ մրցանակի: