Վերջին տարիներին Ադրբեջանը փորձում  է ՄԱԿ-ում, ապակողմնորոշող եւ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունների եւ փաստաթղթերի միջոցով մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը: Սրանով ադրբեջանական իշխանությունները ցանկանում են հիմքեր ստեղծել հիմնախնդրի կարգավորման գործընթացը` այլ հարթակներ տեղափոխելու, այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկարատեւ աշխատանքի արդյունքները չեղարկելու եւ հիմնախնդրի լուծման ուղղությամբ ստանձնած պարտավորություններից խուսափելու համար:

Իրականում, նման գործելաոճը ավելի շատ «վնասում» է քան թե օգուտ է բերում պաշտոնական Բաքվին: Յուրաքանչյուր անգամ, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կեղծ ու զրպարտիչհայտարարություններն է տարածում ՄԱԿ-ում, հնարավորություն եւ առիթ է ընձեռում, որպեսզի ԼՂՀ արտաքին գերատեսչությունը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի միջոցով, այս ամենահեղինակավոր միջազգային կառույցում պատասխան նամակով ներկայացնի իր տեսակետները եւ դիրքորոշումները: Որպես օրինակ կարելի է նշել 2011թ-ի հոկտեմբերին ԼՂՀ ՏԻՄ ընտրությունների կամ այս տարվա մարտին Խոջալուի դեպքերի վերաբերյալ ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը արտահայտող փաստաթղթերի տարածումը ՄԱԿ-ում:

Իսկ վերջերս, Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի միջոցով տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի նամակներին, որը վերաբերում է 2012 թ. հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններին: Փաստաթղթում շեշտվում է, որ «ազատ եւ թափանցիկ կամարտահայտման հիման վրա պետական կառույցների ձեւավորումը դարձել է Հանրապետության քաղաքական մշակույթի անքակտելի մասը», ներկայացվում ընտրություններին միջազգային դիտորդների կողմից բարձր գնահատականը  եւ ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմի ներկայացրած փաստարկները զուրկ են որեւէ տրամաբանությունից:  

Այսպիսով, որքան Ադրբեջանը փորձի ՄԱԿ հարթակը օգտագործել հակահայկական քարոզչություն տարածելու համար, այնքան այդ կազմակերպությունում կշրջանառվեն ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումները արտահայտող փաստաթղթեր, ինչը լավագույն առիթն է Ստեփանակերտի համար իր սուվերենությունն ու տեսակետները ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացնելու համար:

Արմեն Նազարյան