Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից Վան նահանգի Արճեշ քաղաքի Աթաթուրքի անվան դպրոցի վերանվանման փաստի կապակցությամբ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Ումութ Օրանը պարզաբանում է պահանջել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  թուրք պատգամավորը պահանջել է տալ այն անձի անունը, ում որոշմամբ վերանվանվել է դպրոցը «Մայր Թենզիլա» անունով։

Թուրքական մամուլում Աթաթուրքի անվան դպրոցը Էրդողանի մոր անունով վերանվանելը մեծ արձագանք է գտել։ Որոշ լրատվամիջոցներ նշել են, թե Աթաթուրքի անունը ջնջելով եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոր անունը տալով՝ եւս մեկ անգամ փորձ է արվում մոռացության տալ Աթաթուրքին։

Նշենք, որ հայտնի է դարձել, որ Աթաթուրքի կողմից հիմնադրած ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն եւս որոշ ժամանակ սովորել է Արճեշի հիշյալ դպրոցում։