Միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսության ոլորտը պահպանել է հարաբերական կայունությունը: Այս մասին ասվում է Գյուղատնտեսության նախարարության 2009-ի հաշվետվության մեջ:
Նշվում է, որ հունվար-նոյեմբեր հատվածում ապահովվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համախառն արտադրանքի 99,8 տոկոսը:
Խաղողի եւ պտղի բերքատվության բարձրացման հաշվին արձանագրվել է համախառն բերքի ավելացում, սակայն 2008-ի հետ համեմատ պակասել է հացահատիկի (10,9 տոկոս) եւ կարտոֆիլի (8,4 տոկոս) համախառն բերքը: 2009-ին աննախադեպ ծավալների է հասել ծիրանի (մոտ 13,5 հազար տոննա), խաղողի (3,5 հազար տոննա), կեռասի (639 տոննա), դեղձի (993 տոննա) եւ կարտոֆիլի (6,7 հազար տոննա) արտահանումը:
2009-ի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատությամբ 44,3 հազարով պակասել է տավարի գլխաքանակը, կովերինը` 27,6 հազարով, ոչխարներինը` 78 հազարով, իսկ խոզերինը` 2 հազարով:
2009 թվականին իրականացվել են 436 հա անտառապատում եւ 4958 հա անտառածածկ տարածքների վրա ավիաքիմիական պայքարի աշխատանքներ:



























