Ամերիկյան դոլարի դիրքերը 2009 թվականի երկրորդ կեսին կամրապնդվի: Նման տեսակետ են հայտնել «Capital Economics» տնտեսական հետազոտությունների բրիտանական առաջատար խորհրդակացական ընկերությունների վերլուծաբանները: Նրանց կանխատեսումներով, 2010 թվականի գարնանը դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ կաճի հասնելով մինչեւ 1,2-ի: Նշենք, որ ներկայումս մեկ եվրոն արժե 1,4181 դոլար, որը նվազագույնն է վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Նման դրական կանխատեսման պատճառներից մեկն այն է, որ հաջորդ տարի ԱՄՆ-ում տնտեսական աճը թույլ կլինի` մոտ 1 տոկոս: Հաջորդ պատճառն այն է, որ վերջին շրջանում դոլարի փոխարժեքը բարձրանում է նավթի գներին զուգահեռ: Capital Economics-ի վերլուծաբանների կանխատեսմամբ, համաշխարհային էկոնոմիկայի վերականգնմանը զուգընթաց, նավթի գները կրկին կիջնեն մինչեւ 50 դոլոր մեկ բարելի դիմաց, ինչը իր հերթին կօգնի կրճատել ԱՄՆ արտաքին առեւտրային դեֆիցիտը եւ աջակցել ամերիկյան արժույթին:
Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկի կարծիքով, միջազգային էկոնոմիկայում ամերիկյան դոլարը կշարունակի մնալ որպես հիմնական ռեզերվային արժույթ, սակայն նա կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է լրջորեն վերաբերի մի շարք երկրների տեսակետին, թե պետք է անցնել վերազգային ռեզերվային արժույթի:
ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթներն էլ իր հերթին հայտարարել է, որ ամերիկյան դոլարը ապագայում եւս կմնա որպես համաշխարհային ռեզերվային արժույթ, իսկ Օբաման կշարունակի վարել «ուժեղ դոլարի» քաղաքականություն:



























