«Ցանկացած ծառայություն պետք է գին ունենա, որը պետք է նաեւ շահութաբերություն ապահովի»,- հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ապրիլի 1-ին գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների բարձրացմանը, նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Դիտարկմանը, թե իշխանությունը սակագների բարձրացման անհրաժեշտությունը թեեւ հիմնավորում է ռուսական գազի թանկացմամբ՝ մինչեւ 180 դոլար 1000 խմ-ի դիմաց, սակայն իրականում այսօրվա սակագնով անգամ բնակչությունը գազի համար վճարում է 250-270 դոլար, որը միջազգային գին է եւ հնարավոր է սակագները չբարձրացնել, Վ. Բոստանջյանն ասաց. «Եթե մտածում եք, որ „Հայռուսգազարդը“ գերշահույթներ է ստանում…. Այո, մենք ունենք ապաշնորհություն տարբեր բնագավառներում: Եթե մարդը միշտ քիթը մաքրում է պիջակով, ապա որքան էլ նրան ասես, որ դա վատ է, միեւնույնն է, մեկ-մեկ այդպես է անելու»:
Բայց այդ ապաշնորհությունը բնակչության գրպանի հաշվին է լինում, դիտարկմանն էլ արձագանքեց. «Այո, այդպես է, բայց եթե ձեր երեխան քիթը պիջակով է սրբում, ի՞նչ անենք, տանք սպանե՞նք երեխային»: Նշենք, միայն, որ «Հայռուսգազարդը» մեր երեխան չէ եւ սպանել նրան պետք չէ, պետք է միայն չբարձրացնել սակագները եւ «Հայռուսգազարդին» գերշահույթներ ստանալու հնարավորություն չտալ:



























