Հայաստանյան փոքր ու միջին ձեռնարկատիրությանը աջակցությունը շարունակում է մնալ գործադիրի ուշադրության կենտրոնում։
Հայաստանի կառավարությունը հունվարի 21-ին հաստատել է ՓՄՁ պետական աջակցության 2010թ. ծրագիրը։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոլորտի հանդեպ ուշադրությունը պայմանավորված է կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարությամբ. ՓՄՁ-ն գերակա ուղղություններից մեկն է, որը նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի ձեւավորման գործում։ 2008-ի տվյալներով ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել է 41.7 տոկոս։
Կարեւորելով ոլորտի դերը երկրի տնտեսության զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, միջին խավի ձեւավորման գործում, ՓՄՁ պետական աջակցության 2010թ. ծրագրի իրականացման համար նախատեսվել է հատկացնել 150 միլիոն դրամ: Ծրագրի կարեւոր բաղադրիչների թվում են տեղեկատվական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցումը, գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը կանանց, ինչպես նաեւ աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, սահմանափակ կարողություններով անձանց համար։



























