Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) գործադիր ղեկավար եւ նախագահ Նաոկո Իշին արձագանքել է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից սույն թվականի սեպտեմբերի 6-ին ԳԷՀ-ին հղված նամակին, որտեղ նախաձեռնությունն արտահայտում էր իր մտահոգությունը Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի հավատարմագրման գործընթացում ՎՏԲ բանկը ներառելու առնչությամբ:

Իր նամակում Նաոկո Իշին նշել է, որ ԳԷՀ-ը մեծ ուշադրություն է դարձնում բոլոր այն մարդկանց կարծիքին, ում ԳԷՀ-ի գործունեությունն առնչվում է, ուստի նամակում նշված մտահոգությունները լրջորեն հաշվի են առնվել եւ փոխանցվել հավատարմագրման հանձնաժողովի անդամներին: Նամակը նաեւ հավաստիացնում է, որ հանձնաժողովի անդամները ընտրվում են խիստ չափանիշներով եւ հանդիսանում են սոցիալական, ֆինանսական եւ բնապահպանական երաշխիքների ոլորտներում համաշխարհային մակարդակի փորձագետներ, իսկ հավատարմագրման կիրառվելիք չափանիշները չեն տարբելու նախկին չափանիշներից, համաձայն որոնց հավատարմագրվել են ԳԷՀ-ի ֆինանսական միջոցները կառավարող գործակալությունները:

Հիշեցնենք, որ Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունն արտահայտել էր իր մտահոգությունն այն մասին, որ «Armenian Copper Programme» (ACP) ընկերության կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորող ռուսաստանյան ՎՏԲ բանկը մասնակցում է ԳԷՀ Ծրագրի Գործակալություն դառնալու հավատարմագրման գործընթացին: Թեղուտի պաշտպանները նշել էին, որ ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործումը ֆինանսավորելը բավարար է, որ ՎՏԲ-ի թեկնածությունը հակասի ԳԷՀ-ի մանդատին. այն է` նվազեցնել գլոբալ բնապահպանական վտանգների ազդեցությունը եւ աջակցել զարգացող երկրների մշտակայուն զարգացմանը: ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործումը ուղղակիորեն հակասում է ԳԷՀ-ի բնապահպանական եւ սոցիալական երաշխիքների 8 նվազագույն չափորոշիչներից առնվազն 5-ին.

• բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատում (ՎՏԲ-ն չի անցկացրել առանձին գնահատում եւ ընդունել է շահագործող ընկերության ներկայացրած սխալ հաշվարկված եւ հակասական գնահատումը),

• բնական կենսամիջավայրերի (հաբիթաթների) պահպանություն (ՎՏԲ-ի ֆինանսավորմամբ վերանալու է հսկայական անտառային էկոհամակարգ, այդ թվում` Կարմիր գրքում գրանցված բուսա եւ կենդանատեսակներ),

• մարդկանց տեղահանում (Թեղուտի հանքավայրի շահագործմամբ շրջակա գյուղերն ու տարածքները պիտանի չեն լինելու ապրելու համար` միլիոնավոր տոննաների թունավոր նյութերի կուտակման, կենսապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների վերացման եւ այլ պատճառներով, արդյունքում` մարդիկ կամովի դուրս են գալու իրենց բնակավայրերից),

• ֆիզիկական մշակութային ռեսուրսների պահպանում (ՎՏԲ-ն ֆինանսավորում է մի ծրագիր, որով շարժիչավոր մեքենաների տակ փշրվելու է կուր-արաքսյան ժամանակաշրջանի հարուստ պատմամշակութային ժառանգություն)շ

• հաշվետվողականություն եւ բողոքների քննման համակարգի առկայություն (ՎՏԲ-ն արդեն մի քանի տարի է համառորեն հրաժարվում է ընդունել բնապահպանական հասարակական ներկայացուցիչներին` գոնե հանդիպման, չի պատասխանում նրանց դիմումներին):

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հետամուտ է լինելու, որ լիարժեքորեն ներկայացվի ողջ ճշմարտությունը` կապված Հայաստանում ՎՏԲ բանկի ֆինանսավորած հակաբնապահպանական ծրագրերի հետ: