Հայաստանն ու Բելառուսը պետք է համակարգային հիմքի վրա դնեն առեւտրատնտեսական կապերը: Անտառտնտեսության նախարարությունում անցկացված առեւտրատնտեսական համագործակցության հարցերով Բելառուսա-հայկական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստում նման տեսակետ է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Այդ մասին «ԲԵԼՏԱ»-ի թղթակցին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Ռուժենա Նովիցկայան:   

Հանձնաժողովի աշխատանքը ղեկավարել են Բելառուսի անտառտնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Միխայիլ Ամելյանովիչը նշել է, որ վերջին տարիներին բելառուսա-հայկական համակողմանի համագործակցությունը դինամիկ զարգանում է, ինչի համար ազդակ է ծառայում երկու երկրների ղեկավարության քաղաքական ակտիվ երկխոսությունը:

«Ութերորդ նիստի անցկացման պահից ի վեր հանձնաժողովում զգալի աշխատանք է կատարվել տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Այսպես, 2000- 2011թթ. ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 14 անգամ՝ 2,3 մլն դոլարից մինչեւ 32,4 մլն դոլար», - նշել է նախարարը: Միաժամանակ, փոխադարձ առեւտրի ծավալը կարող է ավելի մեծ լինել: Առկա տնտեսական ներուժը, ըստ Միխայիլ Ամելյանովիչի, առայժմ ամբողջ հզորությամբ չի օգտագործվում:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն իր հերթին ընդգծել է, որ  Բելառուսը եւ Հայաստանն այժմ դինամիկ զարգանում են, մեծացնում արդյունաբերական, ֆինանսական եւ ներդրումների  ներուժը: Քաղաքական բարձր մակարդակով լիակատար փոխըմբռնում կա: Տիգրան Դավթյանը նշել է, որ երկրներին անհրաժեշտ է առեւտրատնտեսական կապերը համակարգային հիմքի վրա դնել, որպեսզի համատեղ նախագծերը չլինեին մեկական կամ սահմանափակ, այլ՝ երկարատեւ, տնտեսական գործունեության լայն բնագավառներ ընդգրկող:

9-րդ նիստի օրակարգում 7 հարց է ընգրկվել՝  ինչպես  հանձնաժողովի աշխատանքի, այնպես էլ  երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ:

Բելառուսը Հայաստանի կարեւոր առեւտրային գործընկերն է, որն ԱՊՀ երկրների շարքում (Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո) փոխադարձ առեւտրի ծավալիառումով  3-րդ տեղում է: 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին երկու երկրների արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 28,4  միլիոն դոլար եւ  2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատավելացել է 60,6%-ով,  արտահանումը`24,1 միլիոն դոլար (ավելացել է  57,2%-ով), ներկրումը`4,3  միլիոն դոլար (ավելացել է 82,5%-ով):

Բելառուսից Հայաստան են արտահանվում անվադողեր, բեռնատար մեքենաներ, կաթ եւ կաթնամթերք, դեղորայք, մեքենաների եւ տրակտորների ավտոպահեստամասեր եւ սարքավորումներ: Բացի դրանից, Հայաստանում ձեւավորվել է բելառուսական ձեռնարկությունների  առեւտրաբաշխման ցանց (25 սուբյեկտ): 3 ձեռնարկություններ են բացվել բելառուսական կապիտալի մասնակցությամբ: Հայ-բելառուսական  «Ար-Բե» առեւտրի տանը  ներկայացված է բելառուսական 10 հազար անուն արտադրանք:

Հայկական ներկրման հիմքն են կազմում ոգելից թունդ խմիչքները, դեղորայքը եւ ծխախոտային արտադրանքը: 

2012 թվականի հուլիսին Մինսկում բացվել է հայկական կոնյակի  համատեղ արտադրություն: Այժմ աշխատանք է տարվում Բելառուսի մայրաքաղաքում հայկական առեւտրի տուն բացելու ուղղությամբ:

Ընդ որում, կողմերը հաստատել ե, որ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններն ավելի լայն կարող են լինել: Որոշում է կայացվել ակտիվացնել երկկողմ համագործակցությունը արդյունաբերական ոլորտում, կոոպերատիվ կապերի զարգացման եւ  համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ: Այդ կապակցությամբ մի շարք նախարարությունների, գերատեսչությունների եւ շահագրգիռ կազմակերպությունների  հստակ հանձնարարություններ են տրվել:

Ըստ նիստի արդյունքների` հանձնաժողովների բելառուսական եւ հայկական նախագահներ Միխայիլ Ամելյանովիչի եւ Տիգրան Դավթյանի կողմից ստորագրվել է համապատասխան արձանագրություն, որում ամրագրվել են  հանդիպմանն ընդունված բոլոր որոշումները: Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013 թվականի հոկտեմբերին Երեւանում: