Հայաստանի բուհերի մի խումբ ուսանողներ այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Ռոսգոսստրախ Արմենիայի» կողմից պարգեւատրվեցին ապահովագրական ոլորտի վերաբերյալ գրված ռեֆերատների համար: Մրցույթն, առաջադրված հինգ թեմաներով, ապահովագրական ընկերությունը հայտարարել էր այս տարվա մայիսին, հանրապետության բոլոր բուհերի տնտեսագիտական ֆակուլտետներում: Բազմաթիվ ուսանողներ հայտեր են ներկայացրել, սակայն գործնականում ընկերությունը ստացել է միայն 27 աշխատանք, որոնցից ընտրված լավագույնները նույնիսկ ստուգվել են հնարավոր գրագողության ուղղությամբ:

4 լավագույն աշխատանքների հեղինակների պարգեւատրման արարողությանն, ի թիվս այլ հյուրերի, ներկա էին նաեւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու «Ռոսգոսստրախ Արմենիայի» գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

Վերջինս շնորհավորելով ուսանողներին նշեց, որ Հայաստանում ապահովագրական ոլորտը մեծ հեռանկար ունի, սակայն շուկայում անհրաժեշտ են որակյալ մասնագետներ:

«Մեր ընկերությունում 2010 թ-ին կար ընդամեը 30 աշխատող, սակայն մինչեւ տարեվերջ այն տասնապատկվեց: «Ռոսգոսստրախում» մեծ ուշադրություն են դարձնում կադրերի պատրաստվածության մակարդակի՝ պրոֆեսիոնալզմի վրա: Ընկերությունն ունի սեփական բիզնես դպրոցը, եւ կա հատուկ դպրոց, որ գործակալներ է պատրաստում եւ բարձրացնում աշխատակիցների մասնագիտական որակավորումը: Ամեն տարի բոլոր աշխատակիցները, այդ թվում նաեւ ես, անցնում են որակավորման դասընթացները»,- նշեց ՌԳՍ-ի գործադիր տնօրենը՝ ընդգծելով, որ Հայաստանում պետք է փոփոխվի կարծրատիպը, որ գիտության ու կրթության ուղին ընտրած մարդը բարեկեցիկ չի կարող լինել:

Նրա խոսքով՝ եթե ապագայում շքեղ մեքենայի, շքեղ առանձնատան ու բարեկեցիկ կյանքի տեր մարդը Հայաստանում լինի բարձրագույն կրթության ճանապարհն ընտրած բարձր պրոֆեսիոնալը, ապա դա կնշանակի, որ այսօրվա նմանատիպ խրախուսական միջոցառումները նպատակին են ծառայել:

Ուսանողներին շնորհավորելով ԿԳ նախարար Աշոտյանը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչության համար խիստ կարեւոր է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: «Համաձայն եմ, որ գիտելիքների հզորությունը պետք է չափվի բարեկեցության մակարդակով, եւ ցավոք Հայաստանում դա դեռեւս օրինաչափություն չէ, սակայն հաջողակ երիտասարդների թիվն աստիճանաբար աճում է: : Լավ կրթությունը թանկ հաճույք է, եւ պետությունը անում է այն, ինչ հնարավոր է: Այս առումով կարեւոր է, մասնավոր հատվածին ներգրավել կրթության բովանդակության վերանայման գործում, հակառակ պարագայում կրթության եւ տնեսության անջրպետը հնարավոր չի լինի հաղթահարել»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ «Կենսաթոշակային ապահովագրություն. Համաշխարհային փորձը, կարճաժամկետ եւ երկարաժակետ հեռանկարները Հայաստանում» թեմայով լավագույն աշխատանքը ներկայացրել էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Լաուրա Այդինյանը, «Ինտերնետը, որպես ապահովագրական պրոդուկտերի վաճառքի այլընտրանքային ուղի. Համաշխարհային փորձը եւ հեռանկարները Հայաստանում» թեմայով հաղթող է ճանաչվել ՀԱԱՀ-ի ագրոբիզնես եւ շուկայաբանություն ֆակուլտետի՝ ապահովագրական գործ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ասատրյանը, ով նաեւ ՌԳՍ-ի անվանական կրթաթոշակակիր է: «Պարտադիր բժշկական ապահովագրություն. Համաշխարհային փորձը եւ ներդրման հնարավորությունները Հայաստանում» թեմայով հաղթել է ՀՊՏՀ-ի ֆինանսական ֆակուլտետի՝ ապահովագրական գործ բաժնի, մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Աննա Ղալայանը, ով նույնպես ՌԳՍ-ի անվանական կրթաթոշակակիր է: «Հեռանկարային ապահովագրական պրոդուկտները Հայաստանում» թեմայով լավագույնն  է ճանաչվել Հայ-Ռուսական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Ռաֆայել Տեր-Սարգսյանը, ում դասախոսն է «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Վերջինս եւս ներկա էր միջոցառմանը եւ ելույթում նշեց, որ բիզնեսի հետաքրքրվածությունը որակյալ կադրերի հարցում կօգնի, որ բուհերը շուկայի համապատասխան կադրեր մշակեն: «Հազվադեպ է լինում, որ իմ ու պարոն Աշոտյանի կարծիքներն այսքան համահունչ լինեն, սակայն այս դեպքում լիովին համաձայն եմ, որ բիզնեսը պետք է ամուր կապի մեջ լինի կրթական հաստատությունների հետ, եւ նմանատիպ խրախուսական նպատակ հետապնդող միջոցառումներ կազմակերպի»,- ասաց Ալավերդյանը:

Տեղեկացնենք, որ մրցույթը բաղկացած է երկու փուլից: Երկորդ փուլի հաղթողը կմեկնի Մոսկվա՝ ՌԳՍ-ի գլխավոր մասնաճյուղ, եռօրյա թրեյնինգի եւ կստանա երեք հարյուր հազար դրամի համարժեք մրցանակ: