ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած՝ «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հեղինակը օրենքների նախագծերի ընդունումը կարեւոր է համարում, քանի որ ՀՀ-ում  2012 թվականին ձեւավորված միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի 26 տոկոսը: Միջին աշխատավարձ եւ միջին կենսաթոշակ հարաբերությունն աշխարհի երկրների մեծ մասում օրենսդրորեն սահմանված է: Ըստ հեղինակի՝ Հայաստանում, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տատանվում է 3-7 հազար դոլարի սահմաններում, իսկ կենսաթոշակային տարիքը գտնվում է 63-65 միջակայքում, 35-40 տոկոս միջին աշխատավարձի նկատմամբ միջին կենսաթոշակ սահմանելը պարտադիր պայման է բնակչության մի հատվածի աղքատության հաղթահարման համար: 2013-2018թթ. յուրաքանչյուր տարի կպահանջվի տարեկան մոտ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար այս օրենքի պահանջների կատարման համար:

Օրինագծերի այս փաթեթի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը բացասական է, քանի որ ներկայացված նախագծերը չեն բխում կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականությունից: Հատկապես վիճահարույց է այն, որ ներկայացված նախագծերի ընդունման դեպքում պետք է համամասնորեն բարձրացվեն բոլոր կենսաթոշակների չափերը, ինչը էլ ավելի կխորացնի կենսաթոշակների չափերի միջեւ տարբերությունը: Նախագծերի փաթեթը չի համապատասխանում նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի պահանջներին:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «Նվազագույն աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է երկրում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաեւ միջին աշխատավարձը: Հանրային ծառայության ոլորտում կամրագրվի աշխատավարձերի նվազագույն` բազային դրույքաչափերի կապը միջին աշխատավարձին: Այն, ըստ հեղինակների, կապահովի նաեւ ստվերային տնտեսության կրճատում:

Կառավարությունը այս նախագծին նույնպես բացասական եզրակացություն է տվել՝ նշելով, որ տնտեսական հետեւանքների եւ փոփոխությունների ապահովման ռեսուրսային ապահովվածության հիմնավորումներ չկան: Մյուս կողմից, նշվել է, որ առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձի ավելացումը չի հանգեցնի ստվերային տնտեսության ծավալների նվազեցմանը:

Հանձնաժողովը օրենքների նախագծերին դրական եզրակացություն չի տվել: