Ադրբեջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը չի մասնակցի աշխարհի Գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Երեւանում։ Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Նամիկ Ալիեւը ըմբիշների հրաժարման պատճառ է նշել Եվրոպայի առաջնությանը ինչպես հարկն է պատրաստվելու փաստը։ Իմիջիայլոց, այն կանցկացվի ապրիլին Բաքվում։

Ալիեւին չի վախեցնում այն փաստը, որ մրցաշարին չմասնակցելու համար Ադրբեջանին կարող են տուգանել։ Այդ կապակցությամբ նա հայտարարել է, որ «գործը չի հասնի իրենց՝ մրցաշարից զրկելուն, ավելի շուտ դա դրամական տուգանք կլինի»։

Հիշեցնենք, որ աշխարհի Գավաթի խաղարկությունը փետրվարի 12-ից 14-ը տեղի կունենա Երեւանում։ Մրցաշարին կմասնակցեն ուժեղագույն մարզիկներ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Հունգարիայից, Թուրքիայից, Իրանից եւ Կուբայից։