Հասարակական կարգը խախտելու համար ոստիկանություն բերման ենթարկված երգչուհի Լիլուն վիճարկել էր ոստիկանների գործողությունների օրինականությունը իրեն բերման ենթարկելիս: Ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար նյութերը ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Քննության ընթացքում պարզվել է, որ նրանց գործողություններում չկա հանցակազմ, կայացվել է  քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, իսկ Լիլուի վերաբերյալ նյութերը հետ են ուղարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ կտրվի իրավական գնահատական նրա գործողություններին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Ղ. Լ.-ին եւ Կ. Պ.-ին: Նրանք, ըստ ոստիկանության պաշտոնական կայքի, այսօր «ժամը 06.00-ին, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթեւեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետեւ Տերյան եւ Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա»: Ըստ ոստիկանության՝ իրենց արված դիտողությանը «Նիսանի» վարորդն ու ուղեւորը պատասխանել են հայհոյանքներով եւ չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Ղ. Լ.-ն հենց երգչուհի Լիլուն է` Լիլիթ Ղուկասյանը: