Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հաձնաժողովի նախաձեռնությամբ, այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանական լսումներ են անցկացվել՝ առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ` «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթություն ապահովելու համատեքստում» թեմայով:
Ներկայացնելով սպասվող բարեփոխումները հանրակրթության ոլորտում, որոնց արդյունքում Հայաստանը կանցնի համընդհանուր ներառական կրթության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ ապորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշել է, որ գործ ունենք հեղափոխական, շրջադարձային օրենսդրական քայլի հետ: Նրա խոսքով՝ կան հարցադրումներ, որոնց բախվելիս պետք է զգուշավորություն դրսեւորել, քանի որ յուրաքանչյուր շրջադարձ նաեւ շոկային իրավիճակ կարող է ստեղծել: Արտակ Դավթյանը հույս հայտնեց, որ համընդհանուր ներառական կրթությունից Հայաստանը կկարողանա քաղել լավագույն արդյունքները:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր զեկույցում ընդգծել է այն արժեհամակարգը, որի վրա խարսխված է օրենսդրական նախաձեռնությունը: «Բոլոր երեխաները մերն են, եւ նրանց բոլորի առջեւ ունենք հավասար պարտավորություններ»,- հայտարարեց նախարարը՝ շեշտելով, որ պետությունը պարտավոր է հավասար պայմաններում հանրակրթություն ապահովել նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Նրա խոսքով՝ այս քայլով կրթության համակարգը դառնում է առաջատար հասարակական տարբեր կարծրատիպերը կոտրելու, հոգեբանական, արժեհամակարգային փոփոխություններ մտցնելու տեսանկյունից: Արմեն Աշոտյանը նկատել է, որ թեեւ համընդհանուր ներառական կրթության անցնելու օրենսդրական նախաձեռնությունը մի փոքր հավակնոտ է, բայց խորհրդարանում առաջին ընթերցման ժամանակ պաշտպանություն է գտել քաղաքական գրեթե բոլոր ուժերի կողմից:
Նրա խոսքով, համընդհանուր ներառական կրթության անցնելը համալիր գործողությունների ծրագիր է ենթադրում, բարդ, ժամանակատար փոփոխություններ, հոգեբանական խնդիրներ, սակայն դրանք հաղթահարելի են: Նա որպես օրինակ նշել է Տավուշի մարզում իրականացված պիլոտային ծրագիրը, որն ապացուցել է իր կենսունակությունը: Արմեն Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ բարձրագույն կրթության համակարգում եւս հարկավոր է ստեղծել ինտեգրացված միջավայր, եւ խոստացավ, որ մյուս տարվանից աշխատանքներ կսկսվեն արդեն երկու բուհերում:
Ներկաները ԿԳ նախարարին հարցեր են ուղղել համընդհանուր ներառական կրթության անցած դպրոցներում նյութատեխնիկական պայմաններ ստեղծելու, մանկավարժական կադրերի վերապատրաստման, ներառման կոնցեպցիայի, հոգեբանական եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:
Համընդհանուր ներառման փորձը Տավուշի մարզի հաջողված օրինակով ներկայացրել է մարզպետ Արմեն Ղուլարյանը: Թեեւ ծագած դժվարություններին՝ մարզպետը մեծապես կարեւորել է ներառականության դերը հանրակրթության կազմակերպման գործում եւ փաստեց, որ Տավուշի մարզին հաջողվել է արդյունավետ կիրառել այդ փորձը:
Խորհրդարանական լսումների մասնակիցներն իրենց առաջ քաշած հարցերում եւ ելույթներում հիմնականում բարձր են գնահատել համընդհանուր ներառական կրթության անցնելու օրենսդրական այս նախաձեռնությունը եւ հույս հայտնել, որ բարեփոխումները կընթանան առանց ցնցումների, իսկ կարճ ժամանակ անց արդեն տեսանելի կլինեն արդյունքները:





























