Հայաստանի կառավարությունում որոշման նախագիծ է պատրաստվում՝ Երեւանում տրոլեյբուսները վերացնելու մասին: NEWS.am-ի ձեռքի տակ հայտնված որոշման նախագծում նշվում է, որ տրոլեյբուսները շրջանառությունից հանվում են վնասով աշխատելու պատճառով:
Հիշեցնենք, որ Երեւանի տրոլեյբուսների պարկը (քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերություն) տարեկան պետական բյուջեից 276 մլն դրամ սուբսիդիա է ստանում: Կառավարության 2013-2015 թթ ծախսերի միջինժամկետ ծրագրով նախատեսվում է այդ ցուցանիշն ավելացնել հասցնելով մինչեւ 315 մլն դրամի: Հաշվի առնելով նոր տրոլեյբուսների բարձր արժեքը (ամեն նոր տրոլեյբուսը կարժենա 150 հազար եվրո), ինչպես նաեւ մաշված մալուխային ցանցի պահպանման ծախսերը, կառավարությունում եզրակացրել են, որ եթե տրոլեյբուսների հետ կապված հոգսերը շատ են, ավելի լավ է վերացնել դրանք: Այսինքն եթե մենք տուն չունենք, այն հրդեհվելու վտանգ չկա:
Տրոլեյբուսների պահպանման համար դոտացիաներն առաջարկվում է ուղղել թոշակառուների, ուսանողների եւ սոցիալապես անապահով խավերի համար ուղեւորտոմսերի արտոնություններին:
Իսկ ի՞նչ են անելու ընդամենը մի քանի ամիս առաջ Երեւանի քաղաքապերատանի կողմից հաստատված տրոլեյբուսային երկու նոր երթուղիները: Քաղաքի տրանսպորտային սխեմայում դրանք արդեն կան, ճիշտ է, բաց ամսաթվով, մինչեւ դրա համար գումար գտնեն: Եթե կառավարության որոշումը հաղթող դուրս գա, Դավիթաշենի բնակչությունն այդպես էլ իր թաղամասում տրոլեյբուս չի տեսնի:
Մեզնից շատերն արագության առումով տրոլեյբուսները համեմատում են ուղտերի հետ, եւ այն, որ աշխարհում կարող այլկերպ լինել, մենք լսում ենք արտասահմանում ապրող մեր ծանոթներից, ովքեր եվրոպական քաղաքներում տեսել են արագ ընթացող տրամվայներ (եւ երբեք՝ երթուղային տաքսիներ):
Որքանո՞վ է ճիշտ համեմատել հին տրոլեյբուսները նոր ավտոբուսների եւ երթուղային տաքսիների հետ: Երեւանի քաղաքապետարանը բազմաթիվ պատվիրակություններ է ընդունել, որոնք իրենց արտադրության ավտոբուսներն են առաջարկել Երեւանին (չինական, բելառուսական, ռուսական եւ այլն), սակայն նման խնդիր, չգիտես ինչու, չի դրվել տրոլեյբուսների ձեռք բերման առումով:
Երեւանում տրոլեյբուսների երթեւեկության ինտերվալը երկու անգամ մեծ է, քան երթուղային տաքսիների դեպքում (միջինը 10-12 րոպե), իսկ արագությամբ տրոլեյբուսները երթուղային տաքսիներին զիջում են 5-6 կմ/ժամով:
Անհայտ է, թե ինչ նպատակով են տրոլեյբուսների 1 երթուղուն գրեթե զուգահեռ գործում երթուղային տաքսիների 4 երթուղիներ: Ինչո՞ւ է պետությունը մասնավոր ընկերության շահը վեր դասում իր եւ նաեւ թոշակառուների ու ուսանողների շահերից: Վերջիններս տրոլեյբուսով կրկնակի էժան են վճարում:
Իսկ ինչ կլինի, եթե տրոլեյբուսների թիվը կրկնակի ավելացվի եւ կանվեն գրեթե նույն երթուղով ընթացող երթուղային տաքսիները: Այդ ժամանակ տրոյելբուսներն ավելի արագ չե՞ն ընթանա:
Ի վերջո, մրցույթներում պետք է հաղթեն ոչ թե ամենամանեւրող տրանսպորտային միջոցները, այլ՝ ամենահարմարավետները:





























