Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չի հայտարարել, թե թոշակներն ու նպաստները չեն ավելանում, որ մարդիկ իրենց անասուններին ու բիզնեսը չօտարեն դրանցից օգտվելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` մեկնաբանելով իր վերջին ասուլիսից հետո բարձրացված աղմուկը, մասնավորապես` հնչեցված հարցի եւ տրված պատասխանի ոչ համապատասխանությունը:
«Խնդիրը հետեւյալն է. լրագրողն ինձ հարցրել է՝ ճի՞շտ է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ թոշակներն ու նպաստները չեն ավելանում, որ մարդիկ իրենց անասուններին ու բիզնեսը չօտարեն դրանցից օգտվելու համար: Իսկ ես պատասխանել եմ՝ իհարկե ոչ, վարչապետը նման բան չի ասել: Վարչապետի ասածը տեղադրված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքի տեսանյութում: Պարզապես որոշ լրատվամիջոցներ պահպանել են իմ պատասխանը, սակայն փոխել են հարցի ձեւակերպումը: Այդ ԶԼՄ-ների պնդմամբ՝ ինձ ուղղել են հարց. «Թե ինչպես կգնահատեք վարչապետի այն հայտարարությունը, համաձայն որի անապահով ընտանիքների աշխատունակ անձինք նախընտրում են ստանալ 30-50 հազար դրամ նպաստ, քան աշխատել ու ստանալ 100-120 հազար դրամ աշխատավարձ»: Նորից ուզում եմ ասել, որ վերոնշյալ հարցազրույցի ժամանակ այդպիսի հարց ինձ ընդհանրապես չի տրվել»,- ասաց նա:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը ասել է,թե անապահով ընտանիքների աշխատունակ անձինք նախընտրում են ստանալ 30-50 հազար դրամ նպաստ, քան աշխատել ու ստանալ 100-120 հազար դրամ աշխատավարձ:




























