Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Մանուկյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, հանդիպել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Ինչպես հայտնեցին  ԱԳՆ մամուլի  ծառայությունից, հանդիպման նպատակը ծանոթությունն էր Վրաստանի կրթական քաղաքականությանը, մասնավորապես` երկլեզու դպրոցների նկատմամբ որդեգրվելիք մոտեցումներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ համագործակցության եւ երկկողմ հարաբերություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:

Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի հետ զրույցի ընթացքում քննարկվել են Վրաստանի տարածքում գտնվող հայկական դպրոցների ուսուցչական կազմին եւ աշակերտությանը հուզող, մասնավորապես` հայոց լեզվի եւ գրականության դասագրքերի, հայերենի դասավանդման ժամերի քանակի, ինչպես նաեւ երկլեզու ուսուցման հիմնախնդիրների հետ կապված բազմաբնույթ հարցեր:

Նախօրեին դեսպան Հ.Մանուկյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հետ։ Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով զրուցակցին կառավարության ձեւավորման եւ ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՆԳ նախարարին փոխանցել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրալիր ընդունվել է:

Զրույցի ընթացքում նախարարը, բարձր գնահատելով հայ-վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը, նշել է, որ Վրաստանի նորընտիր վարչապետի եւ կառավարության վարած քաղաքականությունն ուղղված է հայ-վրացական հարաբերությունների եւ միջպետական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ պայմանավորվածություններ են ձեռք բերել արագ արձագանքում պահանջող հարցերի շուրջ համագործակցության եղանակների եւ ձեւերի մասին: