Ոստիկանները, այդ թվում` կարմիր բերետավորները, շրջապատել են «Արայ» ընկերության նախկին սեփականատեր, ինքնասպանություն գործած Արմեն Պետրոսյանի մոր` Կարինե Սուքիասյանի տունը: Ոստիկանությունում NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` ոստիկանները կատարում են դատարանի` երեխային մորը հանձնելու որոշումը :
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմեն Պետրոսյանի նախկին կինը՝ ազգությամբ ռուս Տատյանա Չադենկովան, դատական կարգով փորձում էր վերցնել դստերը: Կարինե Սուքասյանի ու երեխայի անհետանալուց հետո Տատյանա Չադենկովան դիմել էր ոստիկանություն: Միջազգային հետախուզում էր հայտարարվել եւ գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 167 հոդվածի հատկանիշներով` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու հատկանիշներով: Այնուհետեւ հուլիսի 11-ին, Բագրատաշենի անցակետից թոռնուհու հետ Կարինե Սուքիասյանը բերման է ենթարկվել եւ ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակել:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը 2011 թվականի հոկտեմբերի 16-ին, Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էր «Արայ»-ի սեփականատեր 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով:
Նրա աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Իսկ վերջերս հայտնվեց մի տեսանյութ, որով կասկածի տակ դրվեց ինքնասպանության վարկածը եւ գործը փետրվարի 27-ին Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվեց ոստիկանության գլխավոր քննչական վարչություն:





























