«2009 թվականը շատ ծանր տարի էր Հայաստանի համար, որի արդյունքում գրանցվեց 14,4 տոկոսի տնտեսական անկում»,- հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ 2009-ի համար կառավարությունը կանխատեսել էր 9,2 տոկոսանոց աճ, այնինչ գրանցվեց 14,4 տոկոսի անկում, ինչը նշանակում է, որ «Հայաստանում դեռ չեն որոշել ճիշտ կանխատեսում անել ճգնաժամային պայմաններում»:
Ըստ Գ. Մինասյանի, ճգնաժամի պայմաններում կար երկու ճանապարհ. Առաջինը` ծախսել այնքան, որքան առկա է, կամ վարել ընդլայնողական քաղաքականություն եւ վարկերի հաշվին չնվազեցնել ծախսերը ու դրանով պահանջարկ առաջ բերել: ՀՀ իշխանությունը գնաց երկրորդ ճանապարհով, որի արդյունքում ոչ մի սոցիալական ծախս չկրճատվեց եւ հասարակության մեծամասնությունը թեթեւ տարավ ճգնաժամը:
Այդուհանդերձ, Գ. Մինասյանը ստիպված էր խոստովանել, որ շինարարության եւ արդյունաբերության ոլորտները 2009-ին հսկայական անկում գրանցեցին, որի պատճառը տնտեսության խոցելիությունն էր եւ դիվերսիֆիկացիայի բացակայությունը: «Դրա համար որոշել ենք խրախուսել ադամանդագործության ոլորտը եւ ընդլայնել տնտեսական մրցակցության հանձնաժողովի գործունեությունը, որպեսզի խթանենք մրցակցությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2010-ին Հայաստանը լրացուցիչ 100 միլիոն դոլարի վարկ է ստանալու Ռուսաստանից` ադամանդագործության զարգացման համար:



























