«Կառավարությունն իր քաղաքականությամբ աջակցում է ներմուծողներին եւ դա բոլորովին կապ չունի վարկեր վերցվել են, թե չեն վերցվել»,- հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը: Նա կարծիք հայտնեց, որ կառավարությունը ստացված վարկերով պետք է օժանդակի ոչ թե կոնկրետ ընկերությունների, այլ ամբողջ ոլորտների:
«Կառավարության աջակլցությունը պետք է լինի ճյուղային, քանի որ եթե դու օժանդակում ես կոնկրետ ընկերությունների, դրանով դու խախտում ես մրցակցությունը եւ նպաստում մենաշնորհներին»,- կարծիք հայտնեց Արա Նռանյանն ու հավելեց. «Ոլորտի բոլոր ընկերությունները պետք է աջակցություն ստանան»:
Մյուս կողմից, ըստ նրա, Հայաստանը բոլորովին էլ նպաստավոր չէ բիզնեսի եւ ներդրումների համար: «Եթե մարդիկ զգան, որ ազատ են բիզնեսով զբաղվելու համար եւ փորձեն դուրս գալ պետական սեկտորից եւ մասնավոր բիզնես նախաձեռնեն, դա կնշանակի, որ այդ մրցակցային դաշտը կա, իսկ այսօր ոչ մի պետական ծառայող նման քայլի չի դիմում»,- հավելեց պատգամավորը:




























