Վերջին տարիների Հայաստանի անփոփոխ չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ն ավարտեց ելույթը եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում՝ երկու հանդիպումների արդյունքով պարտվելով Խորվաթիայի «Դինամո» (Զագրեբ) ակումբին։ Երևանում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպմանը հասնելով գոլազուրկ ոչ-ոքիի, նախօրեին Զագրեբում «Փյունիկ»ը զիջեց խոշոր՝ 0 : 3 հաշվով։ Առաջին գնդակը խորվաթները խփեցին 30-րդ րոպեին՝ Մարիո Մանդցուկիչի ջանքերի շնորհիվ։ Մյուս երկու գնդակները «Փյունիկի» դարպասում հայտնվեցին հինգ րոպեների ընթացքում (61-66-րդ)։ Աչքի ընկան Միլան Բադելն ու Դեյան Լովրենը։
Այսպիսով, «Բանանց»-ի ու «Միկա»-ի հետևից, որոնք մասնակցում էին Եվրոպայի լիգային, եվրագավաթների խաղարկություններից դուրս մնաց նաև «Փյունիկ»-ը։ Ընդ որում՝ բոլոր երեք ակումբները դուրս մնացին հենց ընտրական առաջին փուլում։ Հայաստանից միակ ներկայացուցիչը մնացել է Կապանի «Գանձասարը», որը հուլիսի 23-ին Երևանում կանցկացնի Եվրոպայի լիգայի պատասխան խաղը հոլանդական «Բրեդա»-ի հետ։ Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղն ավարտվել է հոլանդացիների հաղթանակով՝ ջախջախիչ 6 : 0 հաշվով։ Այս հաշիվը, նկատի առնելով թիմերի դրսեւորած խաղամակարդակը, վաղվա խաղը վերածում է ձևականության։



























