Էթիկայի հանձնաժողովի որոշումը` Արմեն Ռուստամյանի դիմումի քննությունը սկսելու վերաբերյալ, կայացվել է օրենքի տառին եւ ոգուն համապատասխան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն` արձագանքելով հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե այն օրինական չէ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, Էթիկայի հանձնաժողովը կայացրել է որոշում ԱԺ կանոնակարգ օրենքի եւ սեփական կանոնակարգի համաձայն, եւ այդ փաստը որեւէ մեկը չի կարող հետ շրջել: «Միեւնույն ժամանակ, որպես ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, քաղաքական գործիչ եւ քաղաքացի, հարգում եմ կարծիքներ արտահայտելու, ելույթներ ունենալու, նույնիսկ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ բողոքի ակցիաներ անցկացնելու իմ գործընկերների իրավունքը»,- ավելացրեց Նիկոլ Փաշինայնը:

Նա նաեւ նշեց, որ հասկանում է, որ հանձնաժողովի անդամ Հարությունյանը սեփական խմբակցությունում կարող է պրոբլեմներ ունենալ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի գործունեության հայտնի դրվագների կապակցությամբ, բայց քանի դեռ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահն ինքն է, բոլորը պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ օրինական, նշանակում է օրինական եւ ոչ թե այս կամ այն խմբակցությանը ձեռնտու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանի նախաձեռնությամբ այսօր` դեկտեմբերի 7-ին,գումարվել էր հանձնաժողովի հերթական նիստ, որի օրակարգում էր նաեւ պատգամավոր Ա.Ռուստամյանի նոյեմբերի 28-ի N 2-1447 դիմումի քննության վերաբերյալ  հարցը: Պատգամավոր Ա.Ռուստամյանի դիմումը վերաբերում էր նոյեմբերի 21-ին հրավիրած արտահերթ նիստին 83 պատգամավորների չմասնակցելուն:

Այսօրվա նիստի հետ կապված հայտարարություն է տարածել Դավիթ Հարությունյանը, որտեղ նշվում է. «Նշված 83 պատգամավորների թվում են ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորներ, այդ թվում` նաեւ ես: «Ազգային ժողովի կանոնակարգ»  ՀՀ օրենքի 24.4-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե հանձնաժողովը քննում է նրա հարցը:

Օրակարգային այդ հարցի քննարկումը սկսելուց առաջ հանձնաժողովին ներկայացրեցի իմ դիրքորոշումը, առ այն, որ ես, որպես էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, կմասնակցեմ Ա.Ռուստամյանի դիմումի քննարկմանը միայն մյուս 82 պատգամավորների մասով, իսկ իմ մասով հարցի քննարկմանը չեմ մասնակցի: Թեեւ որեւէ օրենք չի սահմանափակում այլ` 82 պատգամավորների մասով հարցի քննարկմանը մասնակցելու իմ իրավունքը, հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանը, կոպտորեն խախտելով օրենքը, գերազանցելով  իր իրավունքները, հայտարարեց,  որ ինձ զրկում է ձայնի իրավունքից, ընդ որում նաեւ նիստի վարման կարգի վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքից:

Օրենքի նման կոպիտ ոտնահարումը ստիպեց ինձ լքել նիստերի դահլիճը` հայտարարելով, որ այդպիսի նիստն ապօրինի է:

82 պատգամավորների հարցով քննարկմանը իմ մասնակցելուն խոչընդոտելը կոպտորեն խախտում է օրենքի բազմաթիվ դրույթներ, սակայն հայտարարությունս չծանրաբեռնելու համար նշեմ առավել ակներեւ երկուսը`

ա. «Ազգային ժողովի կանոնակարգ»  ՀՀ օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը`»Պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով … ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների …  նիստերում»,

բ.  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, ըստ որի՝ «պատգամավորը պարտավոր է մասնակցել …այն հանձնաժողովների…նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է»:

Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից թույլ տրված օրենքի կոպիտ ոտնահարման արդյունքում Ա.Ռուստամյանի նոյեմբերի 28-ի N 2-1447 դիմումի քննության առնչությամբ հանձնաժողովի նիստը, ինչպես նաեւ դրանում կայացրած որոշումները օրինական չեն, ուստի չեն կարող իրավական հետեւանքներ առաջացնել: Իսկ մինչ այդ  էլ լքել էր նիստերի դահլիճը: