Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պայմանագիր ստորագրեցին 2012-2017թթ. գիտակրթական եւ մշակութային համագործակցության վերաբերյալ:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե այսուհետ գիտական, կրթական, գեղարվեստական գրականության, հետազոտական թեմաների պատվերներն ու հրատարակումը, ինչպես նաեւ միջոցառումների ու ծրագրերի համատեղ մշակումը, կազմակերպումն ու իրականացումը Հայաստանում եւ Սփյուռքում պայմանագրային բնույթ կկրեն: Համատեղ կկազմակերպվեն գիտաժողովներ ու համաժողովներ, ուսանողների պրակտիկան: Կշարունակվի ԵՊՀ-ի հետ համատեղ Սփյուռքագիտության ամբիոնի գործունեության ապահովումն ու սփյուռքագիտության գծով մագիստրոս մասնագետների պատրաստումը, «Սփյուռք ամառային դպրոցի» գործունեությունը:
«Մայր բուհը մեզ համար դարձել է այն հիմնարար կենտրոնը, որի հետ նախարարությունը հիմնադրման առաջին օրվանից գործակցում է»,- նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ կարեւորելով հատկապես Սփյուռքի համայնքների պատմությունը գրի առնելու գործում ԵՊՀ մասնակցությունը:
«ԵՊՀ-ն լրջորեն է մոտենում այս համագործակցությանը: Մեր անցած ուղին կարճ է, բայց բազմաբովանդակ: Կարծում եմ` ձեռքբերումները թույլ են տալիս կառուցել համագործակցության միանգամայն նոր մակարդակ: Ուրախալին այն է, որ դասախոսական եւ ուսանողական նորանոր շրջանակներ են ներառվում այս համագործակցության մեջ»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:




























