Գիտության ֆինանսավորման հարցում պատգամավորների մի մասն իրենց խոստումներն ու հավաստիացումները կատարեցին. կառավարություն ներկայացվեցին  գիտության ֆինանսավորումն ավելացնելու վերաբերյալ տարբեր առաջարկություններ: Կառավարությունն էլ բոլոր առաջարկները մերժեց:  Մասնավորպես կառավարությունը Հրանտ Բագրատյանի առաջարկությունը, հատկապես բազային ֆինանսավորման մասով, համարեց չմշակված, իսկ ծրագրի հիմնական մասը` գիտությունը ֆինանսավորել ՀՆԱ-ի 1%-ի չափով,  պարզապես անտեսեց:

Բոլոր խմբակցություններից ներկայացված տարբեր առաջարկություններին ի պատասխան կառավարությունը տվեց նույն ձեւակերպումը` համաձայն գիտության զարգացման ընդունված հայեցակարգի, գիտության ֆինանսավորման ծավալը  պետք է եվրոպական միջին ստանդարտին հասցվի 2020թ-ին: Մեր նախարարները հավանաբար բառացի են հասկացել այդ հայեցակարգը. մինչեւ 2020 թ-ը` ոչինչ:

Այսպիսով, բոլոր առաջրկությունները մերժվեցին, իսկ կառավարող ուժն ունի բավարար ձայներ խորհրդարանում ` ցանկացած բյուջե հաստատելու համար: Բյուջեն հաստատվեց, չնայած որ բոլոր ընդդիմադիր ուժերը դեմ քվեարկեցին:

Չփորձելով հասկանել իշխանավորների տրամաբանությունը, կարելի է միայն արձանագրել, որ կառավարության կտրուկ մերժումը «Պահանջում ենք գիտության ֆինասավորման ավելացում» խմբին ոչ մի այլ ելք չթողեց, քան գնալ ու հանգստանալ մնացած ողջ կյանքը: Կամ...

Կամ էլ առջեւում նախագահական ընտրություններ են..թեեւ հանրապետությունում ուժերի դասավորությունն այնպիսին է, որ գիտնականների այդ խղճուկ մի քանի հազար ձայների վրա թքած ունեն...  Եւ ոչինչ, ու անգամ մի բան էլ լավ, եթե նրանք հեռանան` ավելի քիչ կզզվեցնեն: Իզուր չէր, որ ԿԳ նախարարը մատչելի կերպով բացատրեց,  թե որ ափերին լավ կլինի  հաստատվեն երիտասարդ գիտնականները,  եւ հայրենի կառավարությանը ֆինանսավորման վերաբերյալ տարբեր պահանջներով չձանձրացնեն: Բայց...

Այսպիսով, գիտնականներին մնաց իրենց «բարոյական հաղթանակը», այսինքն  ոչինչ, իսկ իշխանությանը` իր իրական հաղթանակը. նա հերթական անգամ ցուցադրեց իր «իշխանությունը»: Սակայն հիշեցնենք բոլորին, իսկ ավելի կոնկրետ, իշխանություններին. զգոնության եւ ոտքի տակ հողի կորուստը հղի է աղետալի հետեւանքներով` հաղթանակը կարող է պյուրոսյան լինել: