Վանաձորի մանկատան նախկին սան, 17-ամյա Խաչիկ Գալստյանը, ով արդեն մի քանի ամիս է, կորել է, դեռեւս տուն չի վերադարձել: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկի մայրը՝ տիկին Լուսիկը: Ըստ նրա՝ ինքը որդուն որոնել է բոլոր այն հնարավոր վայրերում, որտեղ որդին կարող էր գնացած լինել:

Ստեղծված իրավիճակում մեղքի իր բաժինն ունի նաեւ Վանաձորի մանկատունը, որը տարիներ շարունակ չի կարողացել կարգի հրավիրել Խաչիկին, ով մանկատնից պարբերաբար ու ամիսներով դիմել է փախուստի, հետո վերադարձել մանկատուն ու էլի փախել կամ Գյումրի, կամ էլ որտեղ պատահի:

Խաչիկ Գալստյանը դեռեւս մանկատանն ապրելու տարիներին հասցրել է հաշվառվել ոստիկանության Վանաձորի բաժնում նույն այդ փախուստների համար: Մոր պատմելով Խաչիկն ամիսներով փախել է մանկատնից, օտար գյուղերում ու օտար մարդկանց մոտ անասնապահությամբ զբաղվել ու աշխատել:

Դեռեւս մեկ տարի առաջ NEWS.am-ը Վանաձորի մանկատան տնօրինության հետ հանդիպումների ընթացքում Խաչիկ Գալստյանի՝մանկատնից պարբերաբար փախչելու դեպքերի մասով պարզաբանումներ էր պահանջում, սակայն մանկատան տնօրինությունը վստահեցնում էր, թե Խաչիկն անուղղելի է եւ գտնվում է իրենց հսկողության տակ:

Խաչիկի մայրը տարիներ առաջ դատապարտված է եղել, այժմ դատապարտված է նաեւ հայրը, երկուսն էլ՝ խմբակային գողության համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մայր ու որդի երբեք էլ լավ հարաբերություններ չեն ունեցել, իսկ Գյումրի այցելությունների ժամանակ Խաչիկն ավելի շատ ոչ թե հայրական տուն է գնացել, այլ՝ հարազատների, ովքեր մի քանի օր են ընդամենը պահել նրան:

Այս խճճված պատմությունը թերեւս միակ դեպքը չէ. մանկատան երեխաներից շատերն են այօր տարբեր պատճառներով դիմում փախուստի: Իսկ թե ուր է իրականում Խաչիկը, եւ ով է մեղավոր նրա փախուստի համար, ոչ ոք չի կարողանում ասել. մայրը պնդում է որդին կորել է ու ինքը ոստիկանությանը հաղորդում է տվել, ոստիկանությունը պնդում է, որ նման հաղորդում չի ստացել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձորի մանկատան նախկին սան, 17-ամյա Խաչիկ Գալստյանի մասին արդեն մի քանի ամիս է հարազատները տեղեկություն չունեն: Մեզ հասած տեղեկություններով՝ դեռեւս հունիսին Խաչիկը փախել է Վանաձորի մանկատնից եւ ուղեւորվել Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղ՝ մոր մոտ:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել էր նաեւ նաեւ Խաչիկ Գալստյանի մայրը՝ տիկին Լուսիկը. «Դեռ հունիսին ինքը մանկատնից փախավ եկավ իմ մոտ, հետո սեպտեմբերի 19-ին գնաց Արթիկ ՔԿՀ՝ հորը տեսնելու, ու էդ օրվանից մինչ օրս ոչ մի լուր չկա»,-ասաց նա: Մոր պատմելով ինքը սեպտեմբերի 19-ին որդու անհետանալու մասին տեղեկացրել է ոստիկանության ինչպես Գյումրիի, այնպես էլ Արթիկի բաժիններին: «Գնացի ոստիկանություն, դիմում գրեցի, որ երեխաս չկա, կորել է, բայց մինչ այսօր ոչ մի տեղեկություն չունեմ»,-ասաց նա: Տիկին Լուսիկի փոխանցմամբ՝ ինքը չի պատկերացնում, թե ուր գնացած կարող է լինել որդին:

Իսկ ահա Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը, հերքելով վերը նշված վարկածն, իր հերթին նշել էր, որ Խաչիկ Գալստանն արդեն դուրս է գրվել մանկատնից՝ մոր դիմումի համաձայն, եւ մանկատան հետ որեւէ կապ այս պահին Խաչիկ Գալստյանը չունի:

Ոստիկանության լրատվության վարչությունից էլ NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնել էին, որ ոստիկանության Շիրակի մարզի Գյումրիի եւ Արթիկի բաժիններում նման տվյալներով անձի մասին հաղորդում չի ստացվել:

Նշենք, որ Խաչիկ Գալստյանը Վանաձորի մանկատանն է հայտնվել 3 տարեկան հասակում՝ 7-ամյա եղբոր՝ Գեւորգ Գալստյանի հետ: Վերջինս վաղուց է դուրս գրվել Վանաձորի մանկատնից եւ իր փոխանցմամբ, տեղեկություններ չունի եղբոր գտնվելու վայրի մասին: