Այսօր` դեկտեմբերի 12-ին Հայաստանի ԱԻ նախարար Ա. Երիցյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված ԱԻ նախարարության նոր մասնաշենքի բացման եւ ամանորյա նախատոնական միջոցառումների կազմակերպչական հարցերին։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ արդեն ամբողջությամբ պատրաստ է ՀՀ ԱԻՆ նոր, 9-հարկանի մասնաշենքը` կառուցված նորագույն, սեյսմակայուն տեխնոլոգիաներով ու համապատախան ընդունված միջազգային չափանիշներին։ Այստեղ տեղակայվելու են նախարարության տարբեր ստորաբաժանումներ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնը, որն ապահովված է խոշոր աղետի դեպքում ինքնավար ու անխափան գործելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Մասնաշենքում ստեղծված են նաեւ բոլոր անհրաժեշտ հարմարությունները` ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունվող հաշմանդամություն ունեցող անձանց համար (թեքահարթակներ, սանհանգույց, վերելակներ եւ այլն)։
Դեկտեմբերի վերջին նախատեսվող բացման հանդիսավոր արարողությանը կհրավիրվեն բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, ԱԻՆ տեղական եւ միջազգային գործընկերները, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։




























