Հայաստանի Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչիկ Հովհաննիսյանը այսօր` դեկտեմբերի 12-ին, հանկարծամահ է եղել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Նշենք, որ Խաչիկ Մայիսի Հովհաննիսյանը  ծնվել է 1958 թվականին Արտաշատ քաղաքում։  1975 թվականից մինչեւ 1980 թվականը սովորել է Երեւանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Մեքենաներ եւ տրակտորներ» ֆակուլտետում։ 1990 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, ունի սպայի կոչում։  1993 թվականից մինչեւ 1994 թվականն աշխատել է Արտաշատի գինու գործարանում, սկզբում՝ որպես առաքիչ, հետո` իրավախորհրդատու։ 1994 թվականից մինչեւ 2001 թվականն աշխատել է Արտաշատի պետական նոտար։ 2001 թվականից մինչեւ 2008 թվականն աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։ 2008 թվականից  մինչեւ 2009 թվականն աշխատել է Հարավային քրեական դատարանի դատավոր:  2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր: