Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր` դեկտեմբերի 12-ին, բողոքի ակցիա է իրականցրել ՀԱԿ Կենտրոնական գրասենյակի առաջ:

Նշենք, որ ԲՀԿ-ի նախագահական ընտրություններում ոչ մեկին չսատարելու եւ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը չառաջադրելու մասին հայտարարությունից հետո ՀԱԿ-ում կայացել է քաղխորհրդի նիստ: Վարդգես Գասպարին ակցիան իրականացրել է հենց քաղխորհրդի նիստից հետո:

Ի դեպ, Վարդգես Գասպարին իշխանությունների դեմ իր բողոքը արտահայտում է պետական տարբեր մարմինների շենքերի առաջ պառկելով, ուստի այս դեպքում ՀԱԿ գրասենյակի առաջ պառկելը տարակուսանքի տեղիք է տվել: Այդ առիթով ՀԱԿ ակտիվիստը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Ի տեղեկություն հետաքրքրվողների հայտնում եմ.

1- իմ այսօրվա ակցիան նախատեսված չէի լրատվամիջոցների համար, թեեւ թաքցնելու բան էլ չկա:

2 - Իմ ակցիան ոչ թե «բողոք է ընդդեմ», այլ աջակցություն հանդուրժողականությանը:

3 - իմ ակցիայի հասցեատերը Կոնգրեսի անդամներն են ընդհանրապես, ոչ թե ղեկավար մարմինը: Պարզապես ղեկավար անձիք կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ հանդուրժողականության նպաստելու հարցում:

4 - Ինչպես նշեցի իմ ակցիայի հասցեատերը Կոնգրեսի անդամներն են, ուստի եւ իմ խոսքը նրանց հասցնելու համար, շատ ներեղություն, ոչ կոնգրեսականների աջակցության կարիքը չունեմ:

5 - Կողմնակի հետաքրքրասեր մարդիկ, ովքեր ցանկանում են` կարող են առիթը բաց չթողնել հեգնելու, զվարճանալու եւ Կոնգրեսի այլ անձանց փնովելու համար, բայց դա թող աջակցություն ինձ կամ իմ ակցիային չհամարեն: Առավել եւս Լ. Զուրաբյանի հասցեին հնչող վիրավորանքները ինձ համար նունքան ցավալի են, որքան օրինակ Պ. Մակեյանի հասցեին հնչող անպարկեշտ արտահայտությունները:

6 - Ինձ աջակցություն ցույց տալու ցանկություն ունեցող անձիք կարող են այն արտահայտել քաղաքացիական տարբեր ակցիաներին մասնակցելով, ինչը ես կընդունեմ անկեղծորեն:

7 - Իմ ամենամերձավոր անձիք հենց ՀԱԿ անդամներն են, ինձ ամենահոգեհարազատը` ՀԱԿ-ի հանրությունը»: