Տարվա ընթացքում ստուգվող 120 հազար գազի հաշվիչների մոտ 3 տոկոսը թերություն է ունենում, ինչը հաճախ մարդու միջամտության հետեւանք է։ Այս մասին հայտարարեց «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադեւոսյանը, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կազմակերպված «Բնական գազի ջերմատվություն եւ որակական հատկանիշներ» թեմայով քննարկմանը, որին մասնակցում էին «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչներ, սպառողների շահերի պաշտպանության ՀԿ-ների ղեկավարներ ու ոլորտի մասնագետներ։

«Մենք հետազոտում ենք այդ դեպքերը, եւ պարզվում է, որ ասենք իրական ցուցանիշից 20 տոկոս նվազ ցուցանիշ ցույց տվող հաշվիչների տերերը բնակիչների շրջանում խոշոր գազ սպառող բաժանորդներն են»,- ասաց Թադեւոսյանը՝ նշելով, որ «ՀայՌուսգազարդ»-ը մոնիթորինգի արդյունքում տիրապետում է յուրաքանչյուր բաժանորդի գազի սպառման միջին ցուցանիշին, եւ դրական կամ բացասական շեղումների պարագայում փորձում է պարզել պատճառը։

ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրաձայնեցին, որ որոշ սպառողներ դժգոհում են, որ ջեռուցման սեզոնին «գազը լավ չի տաքացնում բնակարանը»։

«Ռուսաստանից ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են միջպետական ստանդարտին, որով 7600 Կկալ-ից ցածր ջերմատվությամբ գազ չպետք է ներկրվի։ Այն ստուգվում է Ռուսաստանում, ապա նաեւ Վրաստանում, ինչպես նաեւ Հայաստանում։ Բացի «ՀայՌուսգազարդից» գազի որակի ստուգման լաբորատորիա ունեն նաեւ Հրազդանի ՋԷԿ-ը, Երեւանի ՋԷԿ-ը եւ «Արարատցեմենտը», իսկ այս լաբորատորիաներն աշխատում են ամեն օր` վերահսկելով գազի մատակարարման որակը։ Երեւանի բնակիչները ստանում են նույն գազը, որը մղվում է Երեւան ՋԷԿ-ին, իսկ նրանց լաբորատորիայում շեղումներ չեն լինում։ Բացի այս ամենից, պետք է նշեմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է, որ 10 հազար եւ ավելի խմ գազ սպառողները պետք է ստանան 1 խմ 7900 Կկալ ջերմատվությամբ գազ, որի գումարը հաստատուն է, իսկ ավել կիլոկալորիայի դեպքում խոշոր գազ սպառողները վճարում են հավելյալ գումար։ Այսինքն՝ իրականում մենք գազ սպառողներին տրամադրում ենք 7900-ից ոչ պակաս կիլոկալորիականությամբ գազ»,- ասաց Թադեւոսյանը՝ նշելով, որ Իրանից ներկրվող գազն ունի միջինը 8000 Կկալ, 50 Կկալ շեղմամբ, իսկ ռուսականը 7900-8500 Կկալ։

Ըստ «ՀայՌուսգազարդի» փոխտնօրենի, եթե խոշոր գազ օգտագործողներն ավել կիլոկալորիայի դեպքում հավելյալ գումար են վճարում, ապա դա չի անդրադառնում սովորական բաժանորդների վրա, եւ հավելյալ գումարը վճարում է «ՀայՌուսգազարդը»։

 «ՀայՌուսգազարդի» փոխտնօրենն առաջարկեց ՀԿ-ներին ահազանգ ստանալու դեպքում հասցեն նշել, որպեսզի հենց այդ բնակչի բնակարանից գազ վերցվի լաբորատոր ստուգման համար, իսկ ստուգումն իրականացվի դժգոհող կողմի առաջարկած ցանկացած լաբորատորիայում։

Քննարկման հասարակական հատվածի ներկայացուցիչների խոսքով՝ գազի ծախսից դժգոհությունները բավականին մեծ թիվ են կազմում։ 2011-ին դիմումների թիվը 2500  է կազմել, որից հետո համատեղ լաբորատոր փորձաքննություն է կատարվել, որը հաստատել է, որ գազը ԳՕՍՏ-ին համապատասխանում է։ Հարց բարձրացվեց նաեւ ձմռանը ցածր ճնշման հավանականության վերաբերյալ։

Թադեւոսյանը մեկնաբանեց, որ բաժանորդների հետ կնքված պայմանագրում նշված է, որ ընկերությունը պարտավոր է ապահովել խողովակում նվազագույնը 130 մմ ճնշում, ինչը եւ արվում է, սակայն շեղումներ նկատելու դեպքում կրկին կոչ արեց ահազանգել։

«Ձմռանը գազի սպառումը մի քանի անգամ ավելանում է։ Մենք ամռանը 3 մլն խմ գազ ենք ներկրում, իսկ ձմռան ամիսներին այն կազմում է 12 մլն խմ։ Ոչ խոշոր սպառողների դեպքում հնարավոր են շեղումներ, քանի որ գազի հաշվիչը տեղադրված է դրսում, իսկ գազի հաշվարկը կատարվում է ըստ Ցելսիուսի՝ 20 աստիճանում։ Հայաստանում մանր սպառողների համար չի գործում ջերմաստիճանային կարգավորումը, կիլոկալորիայի տատանման հաշվարկումը, բայց այս ամենն իրականացնելու համար հավելյալ ռեսուրսներ են հարկավոր»,- նշեց Թադեւոսյանը՝ ավելացնելով, որ հնարավոր է, որ առաջիկայում «ՀայՌուսգազարդը» դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի հարցը քննարկվի։

Ըստ նրա՝ հավանական է, որ գազի մեկ խմ-ում տատանվող կիլոկալորիաներն են, որոնք կազմում է մոտ 7 տոկոս (7900-8500), հիմք են հանդիսանում գազի որակից դժգոհությունների համար։ Բացի դրանից, բնակիչները պետք է ուշադրություն դարձնեն բնակարանը տաքացնող սարքի օգտակար գործողության գործակցի վրա, որը երբեմն վաճառողները չափազանցնում են։

«Այսինքն՝ մի շարք հանգամանքներ կան, որոնք գումարվելով, հնարավոր է հիմք ստեղծեն դժգոհության համար, սակայն «ՀայՌուսգազարդը» գազը բնակչին հասցնելիս չի խախտում սահմանված չափորոշիչները»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ «գազի հետ օդ խառնելը» իրականության հետ բացարձակապես կապ չունեն։

«Մեթանի հետ թթվածին խառնելը համարժեք է ռումբ ստեղծելուն, այն պայթուցիկ խառնուրդ է։ Մենք տեղյակ ենք, որ որոշ բաժանորդներ հաշվիչի ցուցանիշը կեղծելու համար օդ են մղել, եւ այդ հասցեներում պայթյուններ են արձանագրվել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ավելի վտանգավոր են նման հայտարարությունները հայտնի մարդկանց կողմից, քանի որ շատերը այն ընդունում են, որպես անհերքելի ճշմարտություն, չհասկանալով՝ որ դա պարզապես տգետ մարդու կողմից կատարված հայտարարություն է։