«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում համագումար անցկացնելու մասին ծրագիր այս պահին չի քննարկվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին իր քվեն էր տվել շուրջ կես միլիոն մարդ, եւ այժմ հարց է առաջանում, թե ո՞ր թեկնածուի օգտին կգնան այդ ձայները: «Նախագահական ընտրություններում թեկնածուների անունները դեռեւս հայտնի չեն, քաղաքականության մեջ անգամ մեկ մարդու  որոշման դեպքում անշնորհակալ գործ կլինի կանխատեսում անելը, իսկ այս դեպքում` առավել եւս, երբ մենք խոսում ենք կես միլիոն մարդու մասին»,- նշեց Տոնոյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն նման որոշում կայացրել, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը` որպես քաղաքական գործիչ եւ որպես անհատ, կայացրել է  որոշում, որը, բնականաբար, ունի իր հիմնավոր պատճառները: Դա Ծառուկյանի` որպես քաղաքական գործիչ եւ որպես անհատ կայացրած որոշումն է»:

«Հետեւելով քաղաքական բոլոր զարգացումներին, 100 տոկոսով ուսումնասիրելով մեր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը ու անելով համապատասխան հետեւություններ ու եզրահանգումներ, ԲՀԿ նախագահը որոշում է կայացրել չառաջադրվել նախագահական ընտրություններում: Գագիկ Ծառուկյանի համար երբեւէ առաջնային չի եղել որեւէ պաշտոն զբաղեցնելը: Նա բազմիցս է հայտարարել, որ որեւէ պաշտոն նրան պետք չէ: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Գագիկ Ծառուկյանը երբեւէ չի էլ հայտարարել, որ առաջադրվելու ցանկություն ունի: Նրա բոլոր որոշումները կշռադատված ու հիմնավորված են եւ ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերում ԲՀԿ նախագահի այդ որոշմանը»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նշենք, որ օրերս ԲՀԿ-ն հայտարարել է, որ գալիք նախագահական ընտրություններում չի առաջադրելու սեփական թեկնածու եւ չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին: