Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ընկերական, նորմալ մարդկային հարաբերություններ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Սուրեն Խաչատրյանն՝ արձագանքելով մամուլում պարբերաբար հնչող այն խոսակցություններին, թե նա  Սյունիքում ճնշում է ԲՀԿ-ականներին: «Մեր հարաբերություները շատ նորմալ մարդկային հարաբերություններ են: Այդպես եղել է, մնում է եւ կարծում եմ, որ այդպես էլ կպահպանվի: Անկեղծ ասած, մենք խնդիր չունենք եւ չենք էլ ունեցել»,- նշեց Սուրեն Խաչատրյանը: Ավելին` նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանն իր վերջին քայլով ցույց տվեց, որ ինքն արժանի հայ մարդ է եւ ավելորդ լարվածությունից զերծ պահեց առաջիկա նախագահական  կարեւոր ընտրությունները:

«Ես որպես Հայաստանի բնակիչ, ՀՀ քաղաքացի, ողջունում եմ նրա այդ քայլը»,- ավելացրեց Սուրեն Խաչատրյանը: Նա բացառեց, որ ԲՀԿ-ն ճնշումների արդյունքում է նման որոշում կայացրել:

«Ճանաչելով մեր երկրի նախագահին կարծում եմ, որ ճնշումներ ընդհանրապես չէր կարող լինել մեր նախագահի կողմից: Գագիկ Ծառուկյանն էլ ճնշվող տեսակներից չի: Դա պարզապես գիտակից քայլ էր»:

Արձագանքելով հարցին, թե ինչի՞ շնորհիվ է իրեն հաջողվում ամենաշատ ձայները հավաքել ՀՀԿ-ի համար, կամ, որ գյուղապետերը հարկերը պարտաճանաչ վճարում են, արդյոք իր ազդեցությո՞ւնն է դեր խաղում, Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Բնականաբր դա եւս գործոն է»:

Դիտարկմանը, թե Սյունիքում շատերն իրենից վախենում են, նա արձագանքեց. «Ինչի՞ են  ինձանից վախենում: Բա դու ինչի՞ չես վախենում: Նրանք էլ չեն վախենում: Ես մի բան ասեմ. ես ուզում եմ, որ դու որպես հայ մարդ պաշտամունքով վերաբերես սյունեցուն: Դա միակ տարածաշրջանն է, որ բոլոր ժամանակներում եղել է եւ մնացել է հայապաշտպան: Սյունեցիները հերոսական ժողովուրդ են, որ մշտապես կարողացել են իրենց երկրի տերը լինեն եւ հայրենի եզերքը պաշտպանեն: Այդ թվում Արցախյան գոյամարտի ժամանակ առաջինը սյունեցին զենք վերցրեց եւ համառորեն պայքարեց: 1989թ-ի նոյեմբերի 5, թե 6-ին, Մոսկվայի «Վրեմիա»-ով  հնչեցրեցին Գորիսի անունը: Մենք այն ժողովուրդն ենք, որոնցով պետք է հպարտանաք, ոչ թե նրանց շառ անենք, թե վախենում են կամ չգիտեմ ինչ: Սյունեցիք ընդամենը պատվախնդիր ժողովուրդ են եւ ամեն մարդ փորձում է իր գործը պատվով կատարել: Սա է ամբողջ խնդիրը»:

Սուրեն Խաչատրյանը նաեւ ասաց, որ մարզպետի պաշտոնն իրեն գոհացնում է, քանի որ ծառայել հերոսական Սյունիքին դա իր համար մեծ պատիվ է: «Ես այսօր ծառայում եմ այդ ժողովրդին` մեծից փոքր: Ես փորձում եմ իմ ծառայությամբ անել այնպես, որ օրեցօր եւ հարատեւ ավելի շատացնենք իր հող ու ջրի, պետության, իշխանությունների, երկրի նախագահի նկատմամբ հարգանքն ու սերը: Կարծում եմ, ինձանից շատ բան է կախված, որ դա անեմ: Կարծես, թե դա ինձ մոտ ստացվում է»,- ավելացրեց Սուրեն Խաչատրյանը: