«Թռչկան» եւ «Խոսրով» քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարություն են տարածել` կոչ անելով ուսումնասիրել «Խոսրովի արգելոցի» նորանշանակ տնօրեն Հրաչյա Հովակիմյանի գործունեությունը:
«Ինչպես հայտնի է, 2012թ. դեկտեմբերի 10-ին գրավոր դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարին` պահանջելով այս շաբաթվա ընթացքում հայտարարել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ եւ հրապարակել այդ հայտարարության տեքստը:
Սակայն, ի զարմանս մեզ, ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը հաջորդ օրը` 11.12.2012թ., հրապարակեց իր հ. 335-Ա հրամանը, համաձայն որի քաղաքացի Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը: Նշանակումը կատարվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով եւ Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:
Իսկ դեկտեմբերի 14-ին ի պատասխան մեր դիմումի ՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնել են, որ մեր բարձրացված հարցերը կարգավորվում են ՀՀ սահմանադրության 23-րդ հոդվածով, «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 25.01.2005թ. հ. 224-Ն որոշմամբ եւ ՀՀ բնապահպանության նախարարի 29.09.2005թ. հ. 291-Ն հրամանով:
ՀՀ բնապահպանության նախարարությունը լիարժեք չի պատասխանել մեր դիմումին, այդպես էլ անհայտ է մնացել, թե ՀՀ բնապահպանության նախարարությունը երբ է պատրաստվում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ հայտարարել:
Բացի այդ, մեր կողմից բարձրացված հարցերը բացարձակ չեն առնչվում մարդու անհատական կամ անձնական տվյալների բացահայտմանը, այլ տվյալ մրցույթն ավելի թափանցիկ եւ արդար անցկացնելու համար, առաջարկել ենք հայտարարության տեքստում հստակեցնել նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջները եւ ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Այսպիսով, նախեւառաջ մենք դատապարտում ենք ՀՀ բնապահպանության նախարարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու քայլը եւ մեր դիմումին նման անիմաստ պատասխան տրամադրելը:
Երկրորդ՝ շարունակում ենք պնդել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված լիազորության շրջանակում, անհապաղ հայտարարի «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ եւ չփորձի, ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով, լռեցնել քաղաքացիական նախաձեռնություններին եւ հետաձգել այս առանձնահատուկ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման մարմնի ղեկավարի ընտրության գործընթացը:
Մենք թույլ չենք տա, որպեսզի կրկնվի ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի ծածկադմփոցը եւ տարիներով «յոլա գնալ» ժամանակավոր պաշտոնակատարով:
Միեւնույն ժամանակ, դիմում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին եւ հայցում անմիջական աջակցությունը՝ բնապահպանական ոլորտում Հրաչյա Հովակիմյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննություն իրականացնելու գործում»:





























