ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի հրապարակման փաստը:
«ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի խոսակցության՝ համացանցում հայտնված ձայնագրության կապակցությամբ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել.
ա) խստորեն դատապարտում եմ երկու պատգամավորների խոսակցության ապօրինի ձայնագրումը եւ տեղադրումը youtube-ում, որը խորհրդային ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսեւորում է, ինչը չպետք է տեղ ունենա մեր իրականության մեջ:
բ) ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 146 հոդվածի հատկանիշներով՝ ձայնագրությունը իրականացրած եւ youtub-ում տեղադրած անձանց բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար
գ) մենք՝ Հայ ազգային կոնգրեսի, ընդդիմության ներկայացուցիչներս ընթացիկ ցավոտ հարցերը քննարկելիս պետք է պահպանենք զսպվածություն, տուրք չտալով էմոցիաներին՝ հանրության առաջ մեր ունեցած պարտավորությունները պատվով կատարելու համար
դ) ընթացիկ քաղաքական իրավիճակը թելադրում եւ պահանջում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածու, եւ սերժանտական կործանարար իշխանության հեռացման նպատակ ունեցող բոլոր քաղաքական ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջ»,- նշել է նա:




























