Անցած տարվա ընթացքում ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ զգալի առաջընթաց չի եղել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նրա գնահատականով՝ դա կապված է կողմերի եւ միջազգային հանրության` ԼՂՀ անկախության ճանաչման պատրաստակամության հետ։ «Ներկայումս այդպիսի ցանկություն չունի ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը՝ չխոսելով միջազգային հանրության մասին»։

Մարտիրոսյանը նաեւ պարզաբանեց, որ հարկ չկա ղարաբաղյան հարցում կարգավորումներ սպասել մինչ նախագահական ընտրությունները Հայաստանում (փետրվարի 18) եւ Ադրբեջանում (հոկտեմբեր)։ Միայն ընտրություններից հետո, ըստ քաղաքական գործչի, կողմերը կարգավորման գործընթացը առաջ տանելու փորձ կանեն,սակայն այդ դեպքում էլ պետք չէ զգալի առաջընթաց ակնկալել։ «Հարցը չի կարող լուծում ստանալ, քանի որ դեռ խորհրդային ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ լինելով ԽՍՀՄ կազմում, հայտարարել է անկախության մասին, միջազգային շատ օրենքների համաձայն, նույնիսկ ավելի շուտ, քան Օսիան եւ Կոսովոն, որոնք պետություններ են ճանաչվել։ Հետեւաբար, խնդիրը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն է»,- ամփոփել է Արմեն Մարտիրոսյանը։