2012 թվականի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց չի գրանցվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայ ազգայի կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար, Հայոց համազգային շարժման նախագահ Արամ Մանուկյանը։
Նրա խոսքերով՝ եթե ինչ-որ բան էլ կատարվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ծրագրում, ապա դրանք գաղտնի գործընթացներ են, որոնք այդպես էլ հասանելի չդարձան հասարակության համար:
«Ներկայիս իշխանությունները բացարձակ չեն հետաքրքրվում արտաքին քաղաքականությամբ, եւ նույնիսկ ներքին քաղաքականությամբ նրանք էականորեն մտահոգված չեն։ Բոլոր բնագավառներում ճգնաժամ է։ ՀՀՇ-ն բազմաթիվ անգամ է արտահայտել իր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ։ Մենք կտրականապես դեմ ենք 1915 թվականի դեպքերն ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որը կասկածի տակ է դնում Ցեղասպանության փաստը»,- նշեց նա։ Ինչ վերաբերվում է հայ-թուրքական սահմանի բացմանը , Մանուկյանի խոսքերով՝ այդ հարցին ՀԱԿ-ը միշտ դրական մոտեցում է ցույց տվել։





























