Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում վերջին տարում առաջընթաց չի արձանագրվել, կապված այն փաստի հետ, որ բարձր մակարդակի հանդիպումներ չեն անցկացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը, նշելով, որ բանակցությունները հայտնվել են փակուղում:
Նա նեւ կարծիք հայտնեց, որ բանակցային գործընթացում դադարն իր համար ընդունելի կլիներ, եթե այդ ժամանակը Հայաստանի իշխանություններն օգտագործեին ի բարօրություն երկրի տնտեսության զարգացման եւ ամրապնդման:
«Ցավոք, Հայաստանից արտագաղթն աճում է երկնիշ թվերով, տնտեսության մեջ չի արձանագրվել անհրաժեշտ առաջընթաց մեր դիրքերն ամրապնդելու համար: Բացի այդ, հայկական կողմի բացթողումների պատճառով Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, դրանով բազմապատկելով միջազգային ասպարեզում Հայաստանին ճնշելու իր հնարավորությունները: Ներկայումս ԼՂ հակամարտության կարգավորումը կանգնած է վատ արդյունքի առջեւ»,-ասաց Կարապետյանը:





























