Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը, որի օրակարգի առաջին հարցը Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հաստիքային միավորները, թվաքանակը, պաշտոնային դրույքաչափերը եւ աշխատավարձերը հաստատելու մասին էր. այն ավագանին ընդունեց միաձայն:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցն, այսպիսով, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի աշխատավարձը կազմում է 301 հազար դրամ, տեղակալներինը՝ 238 հազար, խորհրդականի աշխատավարձը՝ 200 հազար, օգնականինը՝ 133 հազար, իսկ մամուլի քարտուղարի աշխատավարձը՝ 109 հազար դրամ:
Պակաս չեն նաեւ քաղաքապետարանի բաժինների պետերի աշխատավարձերը՝ 175 հազար դրամ: Պետի տեղակալի աշխատավաձը կազմում է 133 հազար դրամ, գլխավոր մասնագետինը՝ 109 հազար, առաջատար մասնագետինը՝ 97 հազար դրամ:
Պետք է նշել, որ օրինակ կոմունալ տնտեսություն եւ բարեկարգում բաժինն ունի մեկ բաժնի պետ, երկու գլխավոր մասնագետ, երեք առաջատար եւ մեկ առաջին կարգի մասնագետ: Բաժնի աշխատակիցներին տրվող ամսական աշխատավարձի ընդհանուր չափը կազմում է 758 հազար դրամ:
Այս ամենի հետ մեկտեղ քաղաքապետարանում կան նաեւ ցածր աշխատավարձ ստացողներ. Նրանք հիմնականում տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներն են՝ էլեկտրիկի, հավաքարարի, փականագործի եւ պահակի աշխատավարձը կազմում է 47 հազար, իսկ վարորդներինը՝ 51 հազարական դրամ:
Ըստ Վանաձորի ավագանու անդամների հաստատած քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հաստիքային միավորների, թվաքանակի, պաշտոնային դրույքաչափերի եւ աշխատավարձերի որոշման, Վանաձորի քաղաքապետարանն ունի 159 աշխատակից, 16426400 դրամ ընդհանուր աշխատավարձի չափով:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի աշխատավարձից քիչ ստանում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանն ասաց, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատավարձը կազմում է 270 հազար դրամ /առանց հարկերի պահման, պահումներով՝ մոտ 220 հազար/: Փաստորեն ստացվում է, որ ՀՀ երկրորդ քաղաքի քաղաքապետի աշխատավարձն ավելի ցածր է, քան Վանաձորի քաղաքապետինը: Թեմայի հետ կապված նոր մանրամասներն առաջիկայում:


Լուսանկարները ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























